Անահիտ Մանասյանն ընդունել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 6-ին ընդունել է քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների։
Հանդիպմանը մասնակցել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Արաքս Մելքոնյանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի Մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը, ինչպես նաև Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը։
Անահիտ Մանասյանը նշել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում պարբերաբար անդրադարձել է ընտրական գործընթացների համատեքստում քրեական պատասխանատվության գործիքների կիրառման հարցին՝ ընդգծելով, որ դրանք պետք է կիրառվեն միասնական տրամաբանությամբ՝ բացառելով ընտրովի մոտեցումները և «հայեցողական արդարադատության» նվազագույն տպավորությունը։
Կարևորվել է նաև այդ առումով պետական մարմինների հանրային հաղորդակցության գործիքների կատարելագործման անհրաժեշտությունը:
Անահիտ Մանասյանն ընդգծել է նաև քաղաքացիական հասարակության առանցքային դերակատարությունը` մարդու իրավունքների արժեքների ամրապնդման և իրավական պետության կայացման տեսանկյունից: