«Հանրապետություն»-ը շնորհավորել է ՔՊ-ին և Փաշինյանին՝ հաղթանակի կապակցությամբ

«Հանրապետություն» կուսակցությունը շնորհավորել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում «համոզիչ հաղթանակի» կապակցությամբ։ Կուսակցության քաղաքական խորհուրդը ափսոսանք է հայտնել, որ խորհրդարանի քաղաքական պատկերը գրեթե չի փոխվել՝ միաժամանակ հայտարարելով, որ շարունակելու է պայքարը Հայաստանի ինքնիշխանության, ժողովրդավարության և առաջադեմ աշխարհի մաս դառնալու համար։

««Հանրապետություն» կուսակցությունը շնորհավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և նրա նախագահ Նիկոլ Փաշինյանին՝ համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ Ափսոսանք ենք հայտնում, որ խորհրդարանի քաղաքական պատկերը գրեթե չի փոխվել։ Ցավոք, մեր հասարակությունը դեռևս գտնվում է Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը վերաիմաստավորելու և նրան հակադրվելու գործընթացում։ Հակառակ դեպքում ընտրություններն ավելի գաղափարական կլինեին։ Իններորդ գումարման Ազգային ժողովը, մեծ հաշվով, ՀՀ–ՌԴ դիմակայության արտացոլումն է։

«Հանրապետություն» կուսակցությունը պայքարել է և այսուհետ էլ պայքարելու է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ժողովրդավարության և առաջադեմ աշխարհի անբաժանելի մասը դառնալու նպատակով։ Բարեբախտաբար, անկախ դրսից ուղղորդվող քայլերի և սպառնալիքների, մեր հանրության գիտակից հատվածը հակադրվեց և դիմակայեց։ Շնորհակալ ենք «Հանրապետություն» կուսակցությանը ձայն տված յուրաքանչյուր քաղաքացու։ Խորհրդարանում ներկայացված չլինելը չի խանգարելու, որ արդարացնենք ձեր վստահությունը և դեռ առիթ ունենալու եք հպարտանալու, որ ձեր ձայնը տվել եք մեզ։

Աստված օրհնի Հայաստանը։

Leave a comment