Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին․ Ֆիդան

Քաղաքականություն

08.06.2026 | 17:53

Հարավային Կովկասում կայունության, խաղաղության և բարգավաճման հաստատումը պետք է հիմնված լինի անկեղծ և կառուցողական համագործակցության վրա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում կայացած Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան արտգործնախարարների մակարդակով եռակողմ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում։

«Այսօր մենք տեսնում ենք այս տեսլականի ամենախոստումնալից դրսևորումն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում: Երկու կողմերի կողմից ցուցաբերված կամքը բացել է հնարավորությունների կոնկրետ պատուհան մեր տարածաշրջանի համար: Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին: Մենք նաև հույս ունենք, որ Ադրբեջանի օրինական մտահոգությունները հաշվի կառնվեն, և խաղաղության համաձայնագիրը կստորագրվի կարճ ժամանակում»,- ասել է Ֆիդանը։

Նա ընդգծել է, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը շարունակվում է Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ, և որ վերջին չորս տարիներին զգալի առաջընթաց է գրանցվել։

Ըստ Ֆիդանի՝ չնայած Հարավային Կովկասում խաղաղության հաստատման դրական զարգացմանը՝ տարածաշրջանի անվտանգության միջավայրը շարունակում է լուրջ ռիսկեր ունենալ։ Այս համատեքստում ադրբեջանցի և վրացի գործընկերների հետ  հանդիպման օրակարգում են եղել նաև Իրանի և Միացյալ Նահանգների միջև ընթացող խաղաղության բանակցությունները, հավելել է թուրք պաշտոնյան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment