«Ուժեղ Հայաստան» դաշինքից հայտնել են, որ ԿԸՀ–ի հրապարակած թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Ուժեղ Հայաստան» դաշինքից հայտնել են, որ ԿԸՀ–ի հրապարակած թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը և ընկալվել առանց խորքային ուսումնասիրության և իրավաքաղաքական գնահատականի։
«Ընտրական գործընթացի ամբողջ ընթացքում «Ուժեղ Հայաստան» դաշինքը գործել է իշխանական համակարգի կողմից կազմակերպված աննախադեպ ու զանգվածային ճնշումների և հետապնդումների պայմաններում», – նշել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը Facebook–յան իր էջում։
Նրա խոսքով, «նախընտրական փուլը ուղեկցվել է մեր առաջնորդի, թեկնածուների, համակիրների և թիմակիցների նկատմամբ նպատակային գործողություններով, զանգվածային ապօրինի ձերբակալություններով ու քրեական հետապնդումներով, որոնք միտված էին սահմանափակել քաղաքական մրցակցությունն ու ազդել ընտրողների ազատ կամարտահայտության վրա»։
Նա նշել է, որ բուն քվեարկության օրը լայնորեն կիրառվել է վարչական ռեսուրսը՝ պետական և համայնքային լծակների ներգրավմամբ, փորձելով կանխորոշել ընտրությունների արդյունքը։
Ղահրամանյանը նշել է, որ քվեարկության օրն արձանագրվել են բազմաթիվ ընտրախախտումներ, որոնց մասին ահազանգերը ստացվել են ամբողջ օրվա ընթացքում` հանրապետության ամբողջ տարածքից։
«Նշված երևույթները չէին կարող ազդեցություն չունենալ ընտրական գործընթացի և դրա արդյունքների վրա։ Բացի այս, տեղի է ունեցել աննախադեպ երևույթ. մինչև ԿԸՀ-ի կողմից բոլոր ընտրատեղամասերի արդյունքների մշակումը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «հաղթանակի և միանձնյա իշխանություն ձևավորելու» մասին, ինչն ուղիղ հրահանգ ու ազդակ էր ԿԸՀ-ին։ Այս պայմաններում հրապարակված թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը և ընկալվել առանց խորքային ուսումնասիրության և իրավաքաղաքական գնահատականի», – նշել է Ղահրամանյանը։
Նա հայտնե է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը ներկայումս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ և ընտրողների կամարտահայտության իրական պատկերը ճշգրտելու աշխատանքներով, որի ավարտից հետո կներկայացնի իր դիրքորոշումն ու հետագա քայլերը։
Համաձայն ընտրությունների նախնական արդյունքների, որոնք հունիսի 8-ին ներկայացրել է ԿԸՀ-ն, Հայաստանի խորհրդարան են անցնում 3 քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ստացել է ձայների 49,825%-ը), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։
Մնացած 15 քաղաքական ուժերը չեն հաղթահարել ԱԺ անցողիկ նվազագույն շեմը (4%՝ կուսակցությունների համար, 8%՝ երկու կուսակցություններից կազմված դաշինքների համար, 10%՝ երեք և ավելի կուսակցություններից կազմված դաշինքների համար)։
ԿԸՀ-ի տեղեկություններով՝ Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 503 974 մարդ։ Մասնակցությունը կազմել է 58,97%, քվեարկությանը մասնակցել է 1 476 916 ընտրող։