Բազմակարծիք ու բեւեռացված․ Միջազգային դիտորդական առաքելությունը հրապարակել է նախնական զեկույցը

Քաղաքականություն

Բազմակարծիք ու բեւեռացված․ Միջազգային դիտորդական առաքելությունը հրապարակել է նախնական զեկույցը

ՀՀ ԱԺ  հունիսի 7-ի ընտրությունները  անցկացվել են բազմակարծիք և խիստ բևեռացված միջավայրում:  Դրանք ընտրողներին ապահովել են քաղաքական այլընտրանքների միջև իրական ընտրություն կատարելու հնարավորությամբ՝ ընդհանուր առմամբ լավ կազմակերպված գործընթացի պայմաններում։ Ընտրության օրը անցել է կազմակերպված և հանգիստ, չնայած իշխանությունների կողմից հաղորդված ընտրական իրավախախտումների վերաբերյալ մի շարք քրեական մեղադրանքներին և քննություններին։ Այս մասին նշվում է  ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության  նախնական զեկույցում։

Ըստ զեկույցի՝ «քարոզարշավն աչքի է ընկել բարձր առճակատմամբ և պառակտող հռետորաբանությամբ, ինչպես նաև ձայների գնման և ընտրական այլ խախտումների վերաբերյալ մեղադրանքներով, որոնք հանգեցրել են ընդդիմության թեկնածուների և ակտիվիստների նկատմամբ բազմաթիվ քրեական վարույթների հարուցմանը, ինչի հետևանքով ընդդիմության բազմաթիվ աջակիցներ ձեռնպահ են մնացել քարոզարշավին ակտիվ մասնակցելուց»։

 Բացի այդ՝   քարոզարշավի ընթացքում արձանագրվել է արտերկրից ուղղակի ճնշում՝ առևտրային սահմանափակումների խստացման և անվտանգության սպառնալիքների տեսքով, որը նպատակ ուներ հօգուտ ընդդիմադիր ուժերի ոչ պատշաճ կերպով ազդել ընտրողների վրա։

«Այս հանգամանքները, ինչպես նաև պետական հատվածի աշխատակիցների նկատմամբ իշխող կուսակցության միջոցառումներին մասնակցելու նպատակով գործադրված ճնշումները և վերջերս ներդրված սոցիալական և տնտեսական միջոցառումները, մտահոգություններ են առաջացրել քարոզչություն իրականացնելու հնարավորությունների հավասարության առնչությամբ», -ասված է զեկույցում։

Անկողմնակալ և վստահելի տեղեկատվություն ստանալու ընտրողների հնարավորությունների վրա բացասաբար են ազդել բևեռացված մեդիա միջավայրը, կողմնակալ լրատվական լուսաբանումը և մանիպուլյատիվ բովանդակության կիրառմամբ պառակտող առցանց քարոզարշավը։

Զեկույցի հեղինակները արձանագրել են՝  քաղաքական բանավեճերը կենտրոնացած էին «խաղաղություն, թե՞ պատերազմ» երկընտրանքի շուրջ ձևավորված պառակտող նարատիվների, Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» իրականացման, շարունակվող սահմանադրական բարեփոխումների, ինչպես նաև երկրի ապագա աշխարհաքաղաքական կողմնորոշման վերաբերյալ մրցակցող տեսլականների շուրջ։

Ընտրություններից առաջ այս պառակտումը շահարկվել է որպես ուղղակի ճնշման և արտաքին միջամտության հիմք․ Ռուսաստանի Դաշնության պաշտոնատար անձինք սպառնացել են տնտեսական և անվտանգության ոլորտներում հետևանքներով, եթե Հայաստանը որոշի խորացնել հարաբերությունները Եվրոպական միության հետ։ Սա տեղի է ունեցել Հայաստանի դեմ ուղղված հիբրիդային սպառնալիքների աճի և համակարգված արտաքին ազդեցության գործողությունների վերաբերյալ ավելի վաղ հրապարակված հաղորդումների ֆոնին։

 Իրավիճակն առավել բևեռացվել է կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդության միջև առկա լարվածությամբ, ինչպես նաև մի շարք հայտնի ընդդիմադիր և կրոնական գործիչների նկատմամբ հարուցված քրեական վարույթներով, ներառյալ նախնական կալանքի կիրառմամբ, որոնք, ի թիվս այլ նպատակների, ուղղված էին սահմանադրական կարգը իշխանության բռնի զավթումից պաշտպանելուն։

Ընտրողների վերջնական ցուցակում ընդգրկված էր 2,503,976 ընտրող։ Ընտրողների գրանցման գործընթացը, ընդհանուր առմամբ, եղել է ներառական և վայելել է հանրության վստահությունը, իսկ ընտրողներին տրամադրվել են բավարար հնարավորություններ՝ ստուգելու իրենց տվյալները և ներկայացնել ուղղումների պահանջներ:

Թեև ընտրություններից առաջ ընտրացուցակներում ընդգրկվել են շուրջ 20,101 վերջերս Հայաստանի քաղաքացիություն ստացած տեղահանված հայ փախստականներ, ևս 6,000 դիմում ընտրության օրվա դրությամբ մնացել էր չքննված։ Որոշ շահագրգիռ կողմեր դա վերագրել են դանդաղ և բյուրոկրատական ընթացակարգերին, ինչի հետևանքով այդ դիմորդները զրկվել են քվեարկելու հնարավորությունից։ Ի հեճուկս միջազգային չափանիշներին և ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի կողմից նախկինում ներկայացված առաջարկություններին՝ դատարանի որոշմամբ անգործունակ ճանաչված քաղաքացիները զրկվել են ընտրելու իրավունքից։

Վարչական ռեսուրսների օգտագործման մասին

ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն տեղական մակարդակում վարչական ռեսուրսների համակարգային չարաշահում չի արձանագրել, սակայն դիտարկել և ստացել է բազմաթիվ հաղորդումներ, որոնցից մի քանիսը գնահատել է որպես արժանահավատ, իշխող կուսակցության նախընտրական միջոցառումներին մասնակցելու նպատակով ընտրողների նկատմամբ ճնշումների վերաբերյալ։ Այս հանգամանքը, ինչպես նաև վերջերս ներդրված կամ նախաձեռնված սոցիալական և տնտեսական միջոցառումները, առավելություն են ստեղծել իշխող կուսակցության համար և խաթարել են քարոզչություն իրականացնելու հավասար հնարավորությունները, ինչը հակասում է ԵԱՀԿ պարտավորություններին։ Միևնույն ժամանակ, առկա էին մի քանի պնդումներ, ըստ որոնց՝ որոշ տնտեսական դերակատարներ ճնշում են գործադրել ընտրողների վրա՝ ի շահ ընդդիմադիր կուսակցությունների։ Հնչել են բազմաթիվ մեղադրանքներ ընտրկաշառքների և ընտրական այլ խախտումների վերաբերյալ, որոնք իշխանություններն ակտիվորեն քննության են առել։ Սակայն այդ քննությունները հիմնական ընդդիմադիր կուսակցությունների կողմնակիցների և թեկնածուների մոտ ձևավորել են օրենքի ընտրովի կիրառման ընկալում և մտահոգություններ առաջացրել քարոզարշավի հետագա ընթացքի վերաբերյալ:

Կանայք կազմել են թեկնածուների 37.3 տոկոսը

Չնայած ընտրությունների վարչարարությունը իրականացնող մարմինների և խորհրդարանի համար սահմանված գենդերային քվոտաներին, ինչպես նաև ղեկավար մարմիններում գենդերային հավասարակշռություն պահպանող կուսակցությունների համար նախատեսված ֆինանսական խթանների ներդրմանը՝ կանանց մասնակցությունը հանրային և քաղաքական կյանքում շարունակում է մնալ ցածր մակարդակի վրա: Ընտրական ցուցակում առնվազն 30 տոկոս յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչ ունենալու պահանջին համապատասխան՝ կանայք կազմել են թեկնածուների 37.3 տոկոսը, սակայն ընտրական ցուցակներից ոչ մեկը կին չի գլխավորել։ Նախընտրական ֆինանսավորման իրավական կարգավորումների օրենսդրական դաշտում կատարված փոփոխություններով ընդլայնվել է նախընտրական ծախսերի սահմանումը, բարձրացվել են նվիրատվությունների և ծախսերի սահմանաչափերը, ինչպես նաև վերաբաշխվել են վերահսկողական լիազորությունները։ Այնուամենայնիվ, ընտրական օրենսդրությունում և դրա կիրառման շրջանակներում շարունակում են պահպանվել մի շարք բացեր, որոնք սահմանափակում են կուսակցությունների և նախընտրական ֆինանսավորման թափանցիկությունը և հաշվետվողականությունը:

 Միջազգային դիտորդների նախնական զեկույցն ամբղջությամբ՝  այստեղ

Leave a comment