Նրա գնահատմամբ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա ձևավորում է կառավարություն և ընտրում վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ ԱԺ նախկին փոխնախագահ և արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է հունիսի 7-ի ընտրություններից հետո նոր խորհրդարանում տեղերի բաշխման նախնական հաշվարկը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ խորհրդարան կանցնեն երեք քաղաքական ուժեր՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։ «Բարգավաճ Հայաստան»-ը կուսակցությունը հավաքել է ձայների 3.996%-ը՝ մի փոքր զիջելով նվազագույն շեմին (4%)։
«Բանաձևերի կիրառման արդյունքում (ազգային փոքրամասնությունների համար նախատեսված մանդատների բաշխում և ձայների փոշիացում) Ազգային ժողովում մանդատների բաշխումը կունենա հետևյալ տեսքը․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 29 մանդատ, «Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, – գրել է Հովհաննիսյանը Facebok-յան իր էջում։
Նրա գնահատմամբ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա ձևավորում է կառավարություն և ընտրում վարչապետ։ Միաժամանակ, այն ապահովում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդի մեծամասնությունը( 3/5), ինչը հնարավորություն է տալիս ընդունել սահմանադրական օրենքներ և ընտրել մի շարք կարևոր պաշտոնատար անձանց։
Միևնույն ժամանակ, Հովհաննիսյանն ընդգծել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» չի ապահովում պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ի աջակցությունը, հետևաբար չունի Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը. պակասում է 6 ձայն:
Նա կոչ նաև արեց ընդդիմության ներկայացուցիչներին զերծ մնալ հայտարարություններից և կենտրոնանալ իրենց ցուցակներով խորհրդարան մտնող պատգամավորների քաղաքական հուսալիության վրա:
«Խնդիրը միայն մանդատների այսօրվա բաշխումը չէ․ խնդիրը նաև այն է, թե վաղն այդ նույն մանդատներն ու քվեները որքանով են պահպանելու իրենց քաղաքական պատկանելությունն ու դիրքորոշումը», – նշել է Հովհաննիսյանը։
Նա ընդգծեց, որ եթե նույնիսկ մանդատները չեն վերցնում` ԱԺ ձևավորվում է, և չվերցրած մանդատները ոչ մի այլ ուժի չեն փոխանցվում:
Այսպիսով, ընտրություններին մասնակցող 18 քաղաքական ուժերից 15-ը չի հաղթահարել խորհրդարան մտնելու նվազագույն շեմը (կուսակցությունների համար՝ 4%, երկու կուսակցություններից բաղկացած դաշինքների համար՝ 8%, երեք կամ ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքների համար՝ 10%):
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Հայաստանի ընտրողների ցուցակում ընդգրկված է 2,507,216 մարդ։ Ընտրողների մասնակցությունը կազմել է 58.94%, քվեարկությանը մասնակցել է 1,477,736 ընտրող։