Բորբոքիչ հռետորաբանություն, ապատեղեկատվություն և արտաքին մշտական ճնշումներ․ Միջազգային դիտորդները գնահատում են ընտրությունները․ ուղիղ

Տեսանյութեր
Քաղաքականություն

Բորբոքիչ հռետորաբանություն, ապատեղեկատվություն և արտաքին մշտական ճնշումներ․ Միջազգային դիտորդները գնահատում են ընտրությունները․ ուղիղ (տեսանյութ)

2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունները ընտրողներին առաջարկեցին քաղաքական այլընտրանքների իրական ընտրություն՝ լավ կազմակերպված գործընթացում, թեև քարոզարշավի ընթացքում նկատվել են արտաքին ուղղակի ճնշումներ՝ էսկալացվող առևտրային սահմանափակումների և անվտանգային սպառնալիքների տեսքով, որոնք նպատակ են ունեցել անհարկի ազդեցություն գործել ընտրողների վրա հօգուտ ընդդիմության:

Այս մասին ասված է միջազգային դիտորդների այսօր հրապարակած նախնական հայտարարության մեջ:

Ըստ  դիտորդների՝ քարոզարշավը եղել է խիստ առճակատումային, ուղեկցվել է պառակտող հռետորաբանությամբ և նշանավորվել ընտրակաշառքի ու ընտրական այլ խախտումների վերաբերյալ մեղադրանքներով։ Դրանք հանգեցրել են ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների դեմ բազմաթիվ քրեական վարույթների, ինչի հետևանքով ընդդիմության շատ կողմնակիցներ ձեռնպահ են մնացել քարոզարշավին ակտիվ մասնակցելուց։

Սա, հանրային հատվածի աշխատողների նկատմամբ իշխող կուսակցության միջոցառումներին ներկա գտնվելու ճնշումների և վերջերս ներդրված սոցիալ-տնտեսական միջոցառումների հետ մեկտեղ, մտահոգություններ է առաջացրել քարոզարշավի հավասար հնարավորությունների վերաբերյալ, նշված է հայտարարության մեջ։

«Ընդդիմադիր գործիչների նկատմամբ ձերբակալությունների և քրեական հետապնդումների կենտրոնացումը նպաստել է ընտրովի արդարադատության ընկալմանը, մինչդեռ բևեռացված մեդիադաշտը, բորբոքիչ հռետորաբանությունը, ապատեղեկատվությունը և արտաքին մշտական ճնշումներն ու միջամտությունը մարտահրավեր են նետել Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն ու հանրային բանավեճի անկողմնակալությանը», – նշել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և ղեկավար Ֆարահ Քարիմին:

«Սա ընդգծում է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, հիմնարար ազատությունների պաշտպանության և ժողովրդավարական գործընթացների հանդեպ հանրային վստահության խթանմանն ուղղված շարունակական ջանքերի կարևորությունը»։ «Հայաստանի ընտրությունները տեղի ունեցան առանձնապես լարված աշխարհաքաղաքական համատեքստում՝ արտաքին ուղղակի միջամտությամբ, — նշել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտիեն,-Մասնավորապես, Ռուսաստանի իշխանությունների կողմից ճնշումներն ու սպառնալիքները հասել են աննախադեպ և մտահոգիչ մակարդակի»։

Ըստ սիտորդների՝  գործընթացը կարգավորվել է ընտրական փոփոխված օրենքներով և կանոնակարգերով, որոնք ամուր հիմք են հանդիսանում ժողովրդավարական ընտրությունների համար։ Վերջին տարիների փոփոխությունները հիմնականում ներդրվել են լայն խորհրդատվական գործընթացի միջոցով և նպատակ են ունեցել բարելավել իրավական դաշտը, սակայն որոշ բացեր ու երկիմաստություններ դեռևս պահպանվում են, իսկ ԺՀՄԻԳ-ի և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի մի շարք նախկին հանձնարարականներ մնում են չկատարված։

«Այս ընտրությունների կարևորությունը, զուգորդված քարոզարշավի ողջ ընթացքում բևեռացնող հռետորաբանության հետ, լարված մթնոլորտ է ստեղծել ինչպես ընտրողների, այնպես էլ ընտրական պաշտոնյաների համար», — ասել է ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Յեվրոսիմա Պեյովիչը:

«Ընտրական մարմինները գործում էին խիստ վերահսկողության ներքո, մինչդեռ ընտրողները ենթարկվում էին տևական քաղաքական ճնշումների և ինտենսիվ հանրային բանավեճերի: Ներքին և արտաքին գործոններից բխող լարվածությունը մեծացրեց այս ընտրությունների շուրջ առկա ճնշումը և ազդեց ընտրական վարչարարության որակի հանրային ընկալման վրա՝ ընդգծելով կառուցողական քաղաքական մթնոլորտի խթանման և ընտրական մարմինների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման կարևորությունը»,- շեշտել է նա։

Ընտրական վարչարարությունը տեխնիկական նախապատրաստական աշխատանքները կառավարել է պրոֆեսիոնալ ու արդյունավետ կերպով և վայելել է շահագրգիռ կողմերի վստահությունը։ Քվեարկության օրվա ընթացակարգերը գերազանցապես դրական են գնահատվել դիտարկված ընտրատեղամասերի ճնշող մեծամասնությունում։

«Մենք հանդիպեցինք ընտրական տեղամասերի նվիրված անդամների, որոնց մեծ մասը կանայք էին, ովքեր իրենց պարտականությունները կատարում էին նվիրումով և ուշադրությամբ: Որոշ ընտրողներ չունեին տարրական տեղեկություններ իրենց ընտրատեղամասերի և քվեարկության ընթացակարգերի մասին, և Հայաստանի իշխանությունները պետք է մտածեն ընտրողների իրազեկման բարելավման ուղղությամբ», — ասել է Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոն:

Նրա  գնահատմամբ՝ «Ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են խաղաղ և առանց միջադեպերի։ Ընտրական գործընթացը եղել է հանգիստ և շատ լավ կազմակերպված, ընթացակարգերը կարծես թե մանրակրկիտ պահպանվել են, իսկ մինչև ձայների հաշվարկը եղած չնչին անհամապատասխանությունները հաշվի են առնվել ու ստուգվել»։

Առցանց քարոզարշավը եղել է ծավալուն, իսկ դրա կարգավորումը սահմանափակ է, ինչը նվազեցնում է թափանցիկությունն ու վերահսկողությունը։ Ինտերնետային քարոզարշավը եղել է առճակատումային և պառակտող։

ԺՀՄԻԳ առաքելությունը նշել է որոշ թեկնածուների կողմից մանիպուլյատիվ, կեղծ և արհեստական բանականության միջոցով ստեղծված բովանդակության տարածումը, ինչպես նաև ոչ վավերական ու երրորդ անձանց հաշիվների օգտագործումը՝ ընդդիմախոսներին, կառավարությանը և ընտրական գործընթացը վարկաբեկելու նպատակով:

Ընդհանուր առմամբ, իշխանությունները քայլեր են ձեռնարկել ապատեղեկատվությանը դիմակայելու ուղղությամբ, սակայն այդ ջանքերի թափանցիկությունն ու արդյունավետությունը սահմանափակվել են հանրությանը հասանելի տեղեկատվության պակասի պատճառով։

Նախընտրական քարոզչության ֆինանսավորման կանոնների փոփոխություններն ընդլայնել են նախընտրական ծախսերի սահմանումը, բարձրացրել նվիրատվությունների և ծախսերի սահմանաչափերը, ինչպես նաև վերաբաշխել վերահսկողության պատասխանատվությունը։ Այդուհանդերձ, մի շարք բացեր դեռևս պահպանվում են՝ սահմանափակելով կուսակցությունների և քարոզարշավի ֆինանսավորման թափանցիկությունը, հաշվետվողականությունն ու ամբողջականությունը։

Չնայած ընտրական վարչարարության և խորհրդարանի համար գենդերային քվոտաներին, ինչպես նաև կուսակցությունների համար ֆինանսական խթաններին՝ կառավարող մարմիններում գենդերային հավասարակշռություն պահպանելու համար, կանանց մասնակցությունը հասարակական և քաղաքական կյանքին մնացել է ցածր։ Կանայք կազմել են թեկնածուների 37,3 տոկոսը։ Լրատվական միջավայրը բազմակարծիք է, բայց բևեռացված։

ԺՀՄԻԳ առաքելության մեդիա մոնիթորինգը պարզել է, որ լրատվամիջոցների մեծ մասը գործիք է դարձել թեկնածուների ձեռքին՝ փոխադարձ վիրավորանքներն ու պառակտող քարոզչական հռետորաբանությունը հզորացնելու համար՝ գրեթե չառաջարկելով թեկնածուների ծրագրերի բովանդակային վերլուծություն: Հանրային հեռուստատեսությունը բացահայտ կողմնակալություն է դրսևորել հօգուտ իշխող կուսակցության, ինչը հակասում է իր իրավական պարտավորություններին և հանրային մանդատին:

Միևնույն ժամանակ, մի քանի մասնավոր լրատվամիջոցներ բացասաբար են ներկայացրել կառավարությանը և բարենպաստ լուսաբանում ապահովել ընտրված ընդդիմադիր թեկնածուների համար։ Այս ամենը միասին վերցրած՝ նվազեցրել է ընտրողների՝ գիտակցված ընտրություն կատարելու հնարավորությունը։

«Հայաստանի ընտրողներին հնարավորություն տրվեց և նրանք օգտվեցին պրոֆեսիոնալ կերպով կառավարվող ընտրական գործընթացում և աշխույժ ու բազմակարծիք, թեև հաճախ խիստ բևեռացված քարոզարշավում իրական ընտրություն կատարելու հնարավորությունից։ — ասել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Յանեզ Լենարչիչը,- «Ցավոք, նրանք ստիպված էին այդ ընտրությունը կատարել աննախադեպ արտաքին միջամտության և ճնշումների ֆոնին՝ պատժիչ առևտրային միջոցների և ամենօրյա սպառնալիքների տեսքով, որոնք կապված էին այն բանի հետ, թե իրենք ինչ ընտրություն կկատարեն»։

Մանրամասները՝  տեսանյութում

Leave a comment