Իշխանությունը փորձում է ընտրությունների արդյունքները ներկայացնել որպես իր քաղաքական գծի լիարժեք հաստատում․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

 

Իշխանությունը փորձում է ընտրությունների արդյունքները ներկայացնել որպես իր քաղաքական գծի լիարժեք հաստատում։

 

Սակայն թվերն ու քաղաքական իրողությունները խոսում են այլ բանի մասին։

 

Պետական ամբողջ ռեսուրսի, տեղեկատվական գերակայության, ընդդիմախոսների նկատմամբ ճնշումների և քաղաքական հետապնդումների պայմաններում իշխանությունը չկարողացավ ապահովել ոչ սահմանադրական մեծամասնություն, ոչ էլ ստանալ ընտրողների բացարձակ մեծամասնության վստահությունը։

 

Սա պարզապես ընտրական արդյունք չէ․ սա քաղաքական գնահատական է։

 

Հատկանշական է նաև, որ վերջին տարիներին գործող իշխանությունը կորցրել է իր դիրքերը Երևանի և Գյումրու նման առանցքային քաղաքներում, ինչը վկայում է հանրային տրամադրությունների էական փոփոխության մասին։

 

Ուստի այս արդյունքը դժվար է չդիտարկել որպես ռազմավարական անհաջողություն։

 

Ավելի ճիշտ կլինի այն բնութագրել որպես պյուրոսյան հաղթանակ՝ ձևական հաջողություն, որը ձեռք է բերվել քաղաքական վստահության շարունակական նվազման պայմաններում։

 

Ի վերջո, քաղաքականության մեջ իշխանության պահպանման փաստն ինքնին դեռևս չի նշանակում հասարակական վստահության պահպանում։

 

Իսկ հասարակության զգալի հատվածի անվստահությունը վաղ թե ուշ վերածվում է նոր քաղաքական գործընթացների և նոր քաղաքական իրողությունների։

Leave a comment