Ներկայացնելով 2025 թ. արդյունքները` Փաշինյանը նշեց, որ ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրլ 886 մլրդ 500 մլն դրամ, որը 2024 թ. համեմատ շատ է 307 մլրդ դրամով կամ 11%–ով։
«ՀՀ պետական բյուջեն մեր ընդհանուր ընտանեկան բյուջեն է»,– հայտարարեց նա։
Փաշինյանի խոսքով` բյուջեի ծախսերը ևս էականորեն աճել են` կազմելով 3 տրլ 305 մլրդ դրամ։ Ըստ նրա` ծախսերի մեջ էականորեն աճել են կապիտալ ծախսերը։ Փաշինյանը հիշեցրեց, որ 1 մլրդ 200 մլն դրամ հատկացրել են դպրոցաշինության համար։
«2018–2025 թթ. մենք ապահովել ենք միջինում 5.8% տնտեսական աճ։ Այս ցուցանիշները բարձր են թե՛ միջին համաշխարհայինից, թե՛ ԵԱՏՄ միջին ցուցանիշներից։ Սա վստահություն է տալիս ՀՀ–ում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնել»,– նշեց Փաշինյանը։
Նա կանխատեսեց, որ ՀՀ տնտեսությունն առաջիկայում կակտիվանա` մասնավորապես մեծ իրադարձություն համարելով Նիդեռլանդների թագավորություն վարդերի արտահանման հասանելիությունը։