Հայաստանի Հանրապետությունում ընթացող ընտրական գործընթացը գտնվում է ինչպես տեղական դիտորդական առաքելությունների, այնպես էլ իրավապահ մարմինների խոշորացույցի ներքո։ Քվեարկության օրվա երկրորդ կեսին հրապարակված տվյալները վկայում են ընտրական գործընթացում առկա մի շարք մտահոգիչ միտումների, համակարգային խնդիրների և առերևույթ ընտրական հանցագործությունների մասին, որոնք արդեն իսկ հանգեցրել են քրեական վարույթների հարուցման և ձերբակալությունների։
«Արդար Քվե»-ի ահազանգը. Ճնշումներ և ուղղորդումներ ընտրատեղամասերում
Երիտասարդական ակումբների դաշնության (ԵԱԴ) «Արդար Քվե» դիտորդական առաքելությունը շարունակում է ակտիվորեն մշտադիտարկել քվեարկության ընթացքը ՀՀ ողջ տարածքում։ Դիտորդների կողմից ժամը 13:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված միջադեպերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ընտրություններում պահպանվում են համակարգային բնույթ կրող խնդիրներ։ Դրանք անմիջականորեն առնչվում են քվեարկության ընթացակարգերի խախտմանը և ընտրողների ազատ կամարտահայտման իրավունքին։
Միայն նշված 3 ժամվա ընթացքում դիտորդական առաքելությունն արձանագրել է 71 խախտում և միջադեպ, որոնց պատկերը հետևյալն է.
|
Խախտման / Միջադեպի բնույթը |
Դեպքերի քանակը (13:00-16:00) |
|
Քվեարկության գործընթացի խախտումներ |
30 |
|
Տեխնիկական և կազմակերպչական խնդիրներ |
8 |
|
Միջադեպեր ընտրատեղամասերում |
7 |
|
Տեղամասում գտնվելու կարգի խախտումներ |
7 |
|
Ապօրինի քարոզչության դեպքեր |
6 |
|
Ընտրողների վրա ճնշման և վախեցման դեպքեր |
5 |
|
Փաստաթղթերի հետ կապված խնդիրներ |
5 |
|
Ընտրական հանձնաժողովների աշխատանքի խախտումներ |
3 |
Առաքելության ղեկավար Սոնյա Համբարձումյանի փոխանցմամբ՝ օրվա երկրորդ կեսին հատկապես մտահոգիչ է դարձել ընտրողների վարքագիծը վերահսկելու, նրանց վրա հոգեբանական ազդեցություն գործադրելու և ուղղորդելու փորձերի շարունակականությունը։
«Մեր դիտորդների արձանագրած դեպքերը ցույց են տալիս, որ որոշ ընտրատեղամասերում հանձնաժողովների անդամները, վստահված անձինք և ընտրական գործընթացում ներգրավված այլ անձինք ոչ միշտ են գործում իրենց լիազորությունների շրջանակում։ Մտահոգիչ են հատկապես ընտրողների նկատմամբ հոգեբանական ճնշման, վերահսկողության մթնոլորտի ձևավորման և ապօրինի քարոզչության շարունակվող դեպքերը, որոնք կարող են ազդեցություն ունենալ քաղաքացիների ազատ ընտրության իրավունքի վրա», — նշել է Սոնյա Համբարձումյանը։
Նշենք նաև, որ ընդհանուր առմամբ ընտրախախտումների հետ կապված արդեն իսկ հսկայածավալ՝ 671 դեպք արձանագրված է youthvote.live հարթակում։
Աբովյանում ձերբակալվել է համատիրության նախագահ. Քվեարկության գաղտնիության խախտում
Դիտորդների մտահոգությունները, թե տեղամասերում փորձ է արվում վերահսկել ընտրողների քվեարկությունը, գործնականում հաստատվում են իրավապահների կողմից արձանագրված կոնկրետ դեպքերով։
ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ-ից ստացված հաղորդման համաձայն՝ հունիսի 7-ին Աբովյան քաղաքի 29/09 ընտրատեղամասում արձանագրվել է աղմկահարույց միջադեպ։ Համատիրության նախագահ Ա.Գ.-ն, իր ձեռքում ունենալով ընտրողների ցուցակ, մոտեցել է քվեարկությունն ավարտած քաղաքացիներին և նրանց հետ զրույցներ ունեցել քվեարկության թեմայով։
ՆԳՆ ոստիկանության ծառայողները, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալել են Ա.Գ.-ին և ներկայացրել վարույթն իրացնող մարմնին։ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը)։
Ընտրական հանցագործությունների ընդհանուր պատկերը. 117 քրեական վարույթ
Ընտրական գործընթացի շրջանակներում իրավապահների իրականացրած աշխատանքը կրում է համապարփակ բնույթ։ 2026 թվականի ապրիլից մինչև հունիսի 7-ի ժամը 15:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր առմամբ 117 քրեական վարույթ։
Այս վարույթների շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 86 անձի նկատմամբ։ Քրեական վարույթների բացվածքն ըստ ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածների ունի հետևյալ տեսքը.
-
Հոդված 211 (Քարոզչությանը հարկադրելը կամ խոչընդոտելը)՝ 45 քրեական վարույթ (ամենամեծ տեսակարար կշիռն ունեցող խախտումը):
-
Հոդված 236 (Հավաքներին մասնակցելուն խոչընդոտելը/հարկադրելը կամ նյութապես շահագրգռելը)՝ 41 քրեական վարույթ:
-
Հոդված 449 (Պաշտոնատար անձի կարգավիճակին առնչվող տեղեկություններ թաքցնելը)՝ 9 քրեական վարույթ:
-
Հոդված 210 (Ընտրական իրավունքի իրականացմանը կամ հանձնաժողովների աշխատանքին խոչընդոտելը)՝ 8 քրեական վարույթ:
-
Հոդված 214 (Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը)՝ 6 քրեական վարույթ:
-
Հոդված 215 (Քվեարկության գաղտնիությունը խախտելը)՝ 6 քրեական վարույթ:
-
Հոդվածներ 218 և 219 (Ընտրակաշառք ստանալը և տալը)՝ 1 քրեական վարույթ:
-
Հոդված 221 (Ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելը)՝ 1 քրեական վարույթ:
Քննչական գործողությունների ծավալը
Իրավապահ մարմինների կողմից իրականացված աշխատանքի մասշտաբների մասին են վկայում հետևյալ թվերը.
-
Հարցաքննվել է շուրջ 1200 անձ:
-
Կատարվել է մոտ 280 խուզարկություն:
-
117 քրեական վարույթից 9-ը՝ 16 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ արդեն ուղարկվել է դատարան: