Սուրբ Էջմիածնի տոնն է. Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ պատարագ է մատուցվել

Բաժանորդագրվել

Օրհասական պահերին ժողովուրդը համախմբվել է հենց Սուրբ Էջմիածնի շուրջն այն համոզմամբ, որ քանի դեռ կանգուն է մեր հավատքի խորանը, կանգուն կլինի նաև հայ ազգը։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Այսօր Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Ինչպես հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը, Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվել է սուրբ և անմահ պատարագ, պատարագիչն է եղել Քարոզչական կենտրոնի տնօրեն Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը։

«Դարերի հոլովույթում Մայր տաճարը քարեղեն շինությունից վերածվել է առաքելության, աննկուն ոգու և զորեղ կամքի՝ առաջնորդելով մեր ազգին պատմության քառուղիներում․․․ Սուրբ Էջմիածինը նաև համայն հայության տունն է, իսկ էջմիածնասիրությունը՝ հայրենանվիրումի և աստվածսիրության վառ օրինակ․․․Երբ հեռացել ենք Սուրբ Էջմիածնի խորհրդից, խարխափել ենք խավարում, հեռացել մեր արմատներից, լուսավորչական ուղղափառ հավատքից և ծնկել բազում դժվարությունների առաջ։ Բայց երբ վերագտել ենք Ս․ Էջմիածինը, պայծառակերպվել, լուսավորվել և ավելի հայացել»,- ասել է Զաքարիա սրբազանն իր խոսքում։

Նա հիշեցրել է, որ օրհասական պահերին ժողովուրդը համախմբվել է հենց Սուրբ Էջմիածնի շուրջն այն համոզմամբ, որ քանի դեռ կանգուն է մեր հավատքի խորանը, կանգուն կլինի նաև հայոց ազգը։

Պատարագի ավարտին վեհափառի գլխավորությամբ կատարվել է Հայրապետական մաղթանք։

Հավատացյալ ժողովուրդը և եկեղեցական դասն աղոթք են բարձրացրել առ Աստված Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության համար։

Leave a comment