Ընտրությունները չեն ենթադրում կազինո, ընտրությունները ենթադրում են քաղաքական պայքար. Արայիկ Հարությունյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է ինքը սթենդ-ափի է մասնակցում, որովհետև այստեղ ներկաների գերակշիռ մեծամասնությունը ապրել է Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, եկեք գնանք Գեղարքունիքի մարզ, այնտեղի մի քիչ տարիքով ցանկացած մարդ կպատմի՝ ոնց են արկղերը փոխվել»,-հրավիրված ասուլիսում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Հարությունյանը նշեց, որ ինքը տեսել է՝ ոնց են լինում բռնաճնշումները. «Այն ժամանակ, եթե դու ունեիր քաղաքական հակադիր հայացք, բանտերում էիր հայտնվում, կամ քեզ փորձում էին համալսարանից հանել: Մարդիկ կոնին քեշ և մեծ փող են դրել և դրա համար պետք է պատժվեն, որովհետև ընտրությունները չեն ենթադրում կազինո, ընտրությունները ենթադրում են քաղաքական պայքար, որին կմասնակցեն քաղաքական ուժերը և կշահեն, կամ չեն շահի քաղաքացիների քվեն»:
Անդրադառնալով ընտրություններին մարդկանց ակտիվ մասնակցությանը՝ Հարությունյանն ասաց. «Այստեղ ավելացել է այն գործոնը, որ մեր քաղաքացիները, որոնք երբեմն անտարբերություն են ունենում ընտրությունների նկատմամբ, գնացել են ընտրության, որովհետև տեսել են, որ ինչ-որ օտար ուժեր, մեր երկքաղաքացիներին և քաղաքացիներին օգտագործելով, փորձում են իրավիճակ փոխել ՀՀ-ում: Մարդն ասել է՝ մի րոպե, ես եմ որոշող քաղաքացին և գնալու եմ ու քվեարկեմ»: