Որևէ պարագայում գրիչ օգտագործել չի կարելի․ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հերթական անգամ ներկայացրել է ընտրական գործընթացի «չի կարելի»-ները՝ շեշտելով՝ գրիչով ցանկացած նշում քվեարկությունն անվավեր է դարձնելու։
Չի կարելի նկարել, որևէ կերպ խախտել քվեարկության գաղտնիությունը։ Հովակիմյանի խոսքով՝ վերջինը ոչ միայն իրավունք է, այլ նաև օրենքով սահմանված պարտականություն։
Ահա քայլերի հերթականությունը, որ պետք է անի ընտրողը ընտրատեղամաս հասնելով․
- Մոտենալ տեխնիկական սարքի աշխատողին,
- Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթը, վերջինն այն մուտք կանի սարք,
- Տրամադրել մատնահետք, ստանալ սարքի տպած կտրոնը, անձնագիրը,
- Մոտենալ հանձնաժողովի՝ ընտրողների ցուցակները սպասարկող անդամին, որը կգտնի ընտրողի անունը,
- Ստորագրել անվան դիմաց, հանձնաժողովի անդամը ստորագրության կողքին կնիք կդնի,
- Մոտենալ քվեաթերթիկներ տրամադրող հանձնաժողովի անդամին, ստանալ 1-19 համարներով քվեաթերթիկներ (որոնց մեջ բացակայում 13 համարը) և մեկ ծրար,
- Քվեախցիկում ընտրել քվեաթերթիկներից մեկը, առանց ծալելու այն դնել ծրարի մեջ, մյուս քվեաթերթիկները թողնել արկղում,
- Քվեաթերթիկը ծրարի մեջ արդեն դրած՝ փակ վիճակում, դուրս գալ, մոտենալ քվեատուփի մոտ նստած հանձնաժողովի անդամին, նրան տալ կտրոնը,
- Հանձնաժողովի անդամը ծրարի կտրված հատվածում կփակցնի դրոշմանիշ,
- Ընտրողը քվեաթերթիկը կգցի քվեատուփի մեջ։