Ի՞նչն է տարբերում մեկ նկարիչի պատմությունը մյուսից, եթե նրանք նկարում են նույն առարկան, նույն մարդուն կամ նույն աշխարհը։ «Էպիգրաֆ» գրախանութում «Վերնատուն» հրատարակչության նախաձեռնած աշխատարանի ընթացքում լատվիացի հեղինակ եւ նկարազարդող Դացե Կրեսլինյան պատմում էր ոչ թե նկարելու տեխնիկայի, այլ ստեղծագործելու իրավունքի մասին՝ համոզված, որ ամենակարեւոր պատմությունները սկսվում են այն պահին, երբ մարդը համարձակվում է վստահել սեփական մտքին։
Կրեսլինյան հանդիպումը սկսում է մի գրքով, որը դժվար թե հայտնվեր որեւէ ցուցահանդեսում կամ գրադարանում։ Նրա առաջին պատկերագիրքն է՝ պատրաստված 10 տարեկանում։
Պատմությունը մի փղի մասին է, որը կորցնում է ականջները, եւ մի փոքրիկ մկան, որը դառնում է նրա ընկերը։ Հետո անտառի մյուս կենդանիներն էլ են կորցնում ականջները, հայտնվում է չար միաեղջյուր, իսկ վերջում բարին հաղթում է չարին։
«Ոչ ոք չէր խնդրել, որ ես դա գրեմ, դպրոցական հանձնարարություն չէր։ Ես ստեղծել էի այն միայն ինձ համար, որովհետեւ հաճույք էի ստանում», – ասում է Դացեն։
Տարիներ անց, երբ պատահաբար գտել է այդ գիրքը, սկսել է մտածել, որ երբեմն կյանքի ամենակարեւոր հուշումները հայտնվում են շատ վաղ տարիքում։ Պարզապես մարդիկ հաճախ չեն նկատում դրանք։
Ինքը նույնպես երկար ժամանակ չէր նկատել, փոխարենը ընտրել էր բոլորովին այլ ճանապարհ։ Սովորել էր իրավաբանություն, ստացել երկու մագիստրոսական աստիճան՝ Լատվիայում եւ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում, դարձել փաստաբան, ընդգրկվել Forbes-ի «մինչեւ 30» ցանկում։ Արտաքուստ նրա կյանքը հաջողության դասական պատմություն էր թվում։
Բայց ներսում, ինչպես ինքն է նկարագրում, ինչ-որ բան պակասում էր։ «Բոլորն ասում էին՝ այո, հաջողակ երիտասարդ իրավաբանի կյանք, բայց ես ինձ դատարկ էի զգում», – հիշում է Դացեն։
Փոփոխությունը սկսվեց, երբ նա մայր դարձավ։ Կյանքում հայտնվեց դադար՝ մտածելու ժամանակ։ Այդ ընթացքում նկատեց, որ թղթի վրա պատահական գծեր քաշելն իրեն ավելի մեծ ուրախություն է տալիս, քան իրավական հաղթանակները։
Հենց այդ շրջանում նա թերապիայի էր հաճախում եւ մի օր որոշեց հարցնել թերապեւտին, թե ինչու է նա իր աշխատանքն անում։ Սպասում էր լսել ինչ-որ մեծ գաղափար՝ մարդկանց օգնելու, աշխարհը փոխելու մասին։
Փոխարենը ստացավ շատ ավելի պարզ պատասխան. «Սիրում եմ»։
Մի՞թե բավարար պատճառ է, մի՞թե կարելի է պարզապես անել մի բան, որովհետեւ սիրում ես այն։ Հետագայում Դացեն հաճախ է վերադառնում այդ մտքին։ Ասում է՝ կարծես առաջին անգամ ինչ-որ մեկն իրեն թույլ էր տվել զբաղվել մի բանով պարզապես այն պատճառով, որ դա հաճույք է պատճառում։
Շուտով պարզվեց, որ նկարելը միայն սկիզբն էր։ Նա սկսեց աշխատել ջրաներկով, փորձարկել, սովորել։ Հետո իրեն սկսեցին հետաքրքրել ոչ թե տեխնիկական, այլ ավելի խորքային հարցեր։ Եթե գեղեցիկ պատկեր ստեղծելը վերջնական նպատակը չէ, ապա ինչի՞ մասին է այդ աշխատանքը։ Ի՞նչ է ուզում փոխանցել դրա միջոցով։
Այս հարցերը նրան տարան դեպի 365-օրյա մարտահրավերը, որը հետագայում դարձավ իր ստեղծագործական կյանքի ամենակարեւոր շրջադարձերից մեկը։ Մեկ ամբողջ տարի նա ամեն օր ստեղծում էր մեկ նկար ջրաներկով։
Ժամանակի ընթացքում Դացեն սկսեց աշխարհին այլ կերպ նայել։ Ասես մշտապես «ներշնչանքի ակնոցներով» շրջեր։ Նկատում էր գույների համադրություններ, լույսի խաղ, պատահական մանրուքներ, մարդկանց դեմքեր, կենդանիների շարժումներ։ Սակայն ամենակարեւորը արտաքին աշխարհը չէր։
«Կարեւորն այն չէ, թե ինչ ես տեսնում, այլ այն, թե ինչն է գրավում քո ուշադրությունը», – ասում է Դացեն։
Հենց այդ դիտարկումների միջոցով նա սկսեց ճանաչել ինքն իրեն։ Պատմում է մի կարեւոր կանոնի մասին. անկախ արդյունքից՝ յուրաքանչյուր աշխատանք հրապարակվելու էր։
Որոշ նկարներ նրան դուր չէին գալիս, ամաչում էր, բայց հրապարակում էր։ Պայքար էր պերֆեկցիոնիզմի դեմ։ Եթե նպատակը կատարյալ գործ ստեղծելն է, մարդը հաճախ ընդհանրապես չի սկսում, եթե նպատակը գործընթացն է, ապա սխալվելն այլեւս աղետ չէ։
Ավելի ուշ այդ նույն որոնումները նրան բերեցին պատկերագրքերի աշխարհ։ Մասնակցեց Folktale Week նախաձեռնությանը եւ ցանկանում էր հասկանալ, թե ինչպիսի զգացողություն է ոչ թե առանձին նկար, այլ ամբողջական պատմություն ստեղծելը։
Հետո պատմությունն ու նկարազարդումները հայտնվեցին Instagram-ում, եւ մարդիկ սկսեցին գրել, որ աշխատանքներն արդեն պատկերագիրք են հիշեցնում։
Դացեն կանգ է առնում մի մտքի վրա․ «Եթե ոչինչ չանես, ոչինչ էլ չի պատահի, բայց եթե անես, գուցե ինչ-որ կախարդանք տեղի ունենա»։
Նրա դեպքում այդ «կախարդանքը» սկսվեց մեկ նամակից։ Ֆեյսբուքում գրեց Վիյա Կիլբոլկային՝ Լատվիայի խոշորագույն հրատարակչություններից մեկի՝ «Zvaigzne»-ի գործադիր տնօրենին՝ առաջարկելով «ուղղակի թերթել» իր ինստագրամյան էջը։
Մոտ երկու շաբաթ աշխատանքի առաջարկ ստացավ։
Սակայն աշխատարանի ամենահետաքրքիր հատվածը գուցե այն էր, երբ խոսակցությունը հեռացավ մասնագիտական հաջողություններից եւ տեղափոխվեց դեպի կերպարների ստեղծման ներքին մեխանիկան։
Դացեն մասնակիցներին առաջարկեց մի քանի պարզ հարցեր։ Ի՞նչն է վերջին շրջանում զբաղեցնում ձեր մտքերը։ Ի՞նչն է ձեզ ուրախացնում։ Ի՞նչ եք հիմա սովորում կյանքից։ Որտե՞ղ եք ձեզ ապահով զգում։
Առաջին հայացքից դրանք ստեղծագործական առաջադրանք չէին հիշեցնում, բայց պատասխաններն աստիճանաբար սկսեցին կերպարների վերածվել։
Մարդ, որը մտածում է ժամանակի պակասի մասին, ուրախանում է ընկերների հետ հանդիպումներից, փորձում է հաղթահարել ծուլությունը եւ իրեն անվտանգ է զգում տանը, արդեն որոշակի հերոս է։ Ունի ցանկություններ, հակասություններ, վախեր։
Իր գրքերի հերոսները հաճախ ծնվում են ոչ թե արտաքին աշխարհից, այլ սեփական զգացողություններից։ «Ավերակներ զբոսայգում» գրքի հերոսներ Դինան եւ Ձիգին, օրինակ, իր անհատականության տարբեր կողմերն են։
Յուրաքանչյուր մարդ աշխարհը տեսնում է յուրովի։ Յուրաքանչյուր մարդ ունի իր հիշողությունները, հետաքրքրությունները, վախերը, երազանքները, ապրումները։ Եվ այդ համադրությունը ոչ ոք չի կարող կրկնել։
«Ոչ ոք չի կարող պատմել քո պատմությունը, որովհետեւ չունի քո աչքերը»։
Դացե Կրեսլինյայի համար կարեւոր էր, որ այս հանդիպումը չվերածվի նկարելու տեխնիկական դասի. տեխնիկան կարելի է սովորել գրքերից, դասընթացներից կամ համացանցից։ Ավելի դժվար է ընդունել, որ ստեղծագործելու իրավունքն արդեն քոնն է՝ անկախ կրթությունից կամ փորձից։
10 տարեկանում ստեղծված առաջին փոքրիկ գիրքը, իրավաբանի հաջող կարիերան, դատարկության զգացումը, սպիտակ թղթի դիմաց անցկացրած հարյուրավոր օրերը եւ պատահաբար ծնված պատկերագիրքը կարծես հանգում էին մեկ մտքի․ ստեղծագործելու թույլտվությունը ոչ ոք չի տալիս։ Այն արդեն կա. մնում է միայն համարձակվել օգտվել դրանից։
Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի