Հունիսի 4-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) տեղի ունեցավ Եռանկյունաձեւ այգու (Կարեն Կակոսյան պարտեզներ) բացման արարողությունը։
Այգու ստեղծման հիմքում ՀԱՀ համայնքի եւ Երեւանի բնակիչների համար նոր կանաչ տարածք ձեւավորելու տեսլականն է։
Թեեւ շինարարական աշխատանքները դեռեւս ամբողջությամբ չեն ավարտվել, ՀԱՀ ղեկավարությունը, հաշվի առնելով Վաղարշյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա անցնող հետիոտների առջեւ ծառացած անհարմարությունները, որոշում կայացրեց կազմակերպել այգու նախաբացումը` այն հնարավորինս շուտ համայնքի համար հասանելի դարձնելու նպատակով։
Այգու կենտրոնական անցուղին բաց կլինի հանրության համար, իսկ աշխատանքները կավարտվեն առաջիկա շաբաթների ընթացքում։
Ավելի քան 120 նորատունկ ծառ եւ բազմաթիվ կանաչ գոտիներ արդեն իսկ ձեւավորում են այգու բնապատկերը։ Թեեւ փոփոխություններն արդեն նկատելի են, ծառերն ու թփերը դեռեւս աճման մի քանի շրջան պետք է անցնեն՝ իրենց վերջնական տեսքը ստանալու համար։
Շինարարական աշխատանքների ամբողջական ավարտից հետո այգին կծառայի որպես կենսունակ եւ կանաչ հանրային տարածք՝ ինչպես ՀԱՀ համայնքի, այնպես էլ տեղի բնակիչների համար։ Դարավանդաձեւ լանդշաֆտը, որը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող եւ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց կարիքներին, ներառում է դեպի այգին տանող ոլորապտույտ արահետ, ինչպես նաեւ խաղերի, սպորտային ակտիվությունների եւ հանգստի համար նախատեսված տարածքներ։
ՀԱՀ նախագահ դոկտոր Բրյուս Պողոսյանը շնորհակալություն հայտնեց Կակոսյան եւ Ավետիսյան ընտանիքներին՝ իրենց անգնահատելի ներդրման համար, Երեւանի քաղաքապետարանին՝ նախաձեռնությանն աջակցելու համար, բոլոր այն անհատներին եւ կազմակերպություններին, որոնց համատեղ ջանքերի արդյունքում բարեկարգված այգու տեսլականը դարձավ իրականություն։
«Այսօրվա միջոցառումը խորհրդանշում է ավելին, քան պարզապես նոր տարածքի բացումը. այն գործընկերության եւ միասնական տեսլականի ուժի վկայությունն է՝ ՀԱՀ-ի նվերը մեր գեղեցիկ քաղաքին», – նշեց նա։
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը կարեւորեց ՀԱՀ-ի եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ համագործակցությունը, բարձր գնահատեց բարեկարգման աշխատանքների որակը եւ վերահաստատեց իր աջակցությունն այն ապագա նախաձեռնություններին, որոնք կնպաստեն համայնքի զարգացմանն ու քաղաքում կանաչ հանրային տարածքների ընդլայնմանը։
Դոկտոր Կակոսյանը շնորհակալություն հայտնեց ՀԱՀ ղեկավարությանը, Երեւանի քաղաքապետարանին, իր ընտանիքին եւ բոլոր նրանց, ում նվիրվածության եւ համագործակցության շնորհիվ ծրագիրը իրականություն դարձավ։
Եռանկյունաձեւ այգու նախագծման եւ կառուցման համար ճարտարապետական եւ շինարարական ընկերություններն ընտրվել են բաց մրցութային ընթացակարգերի միջոցով։ Միջոցառմանը ներկա էր Նիդեռլանդների «MTD Landscapers» ընկերության ներկայացուցիչ, այգու լանդշաֆտային ճարտարապետ Ռուուդ Դուբելդը։
Անդրադառնալով այգու նախագծման եւ կյանքի կոչման վեցամյա գործընթացին՝ նա
նշեց, որ չնայած բազմաթիվ մարտահրավերներին, մրցույթում հաղթած գաղափարը հաջողվել է վերածել կայուն եւ կլիմայական փոփոխություններին դիմակայող կանաչ տարածքի՝ ուսանողների, տեղի բնակիչների եւ Երեւան քաղաքի ավելի լայն համայնքի համար։
Ամփոփելով միջոցառումը՝ ՀԱՀ հոգաբարձուների խորհրդի անունից ելույթ ունեցավ խորհրդի նախագահ Զաւէն Փ. Ագեանը։
«Այս այգին ստեղծվել է ոչ միայն համալսարանի տարածքը բարելավելու նպատակով, այլեւ որպես հանրային տարածք, որը միավորում է համալսարանը հարակից թաղամասերի հետ։ Այն արտացոլում է մեր այն համոզմունքը, որ ՀԱՀ-ը պետք է շարունակի մնալ բաց, ներգրավված եւ իր շրջակա համայնքի հետ սերտորեն փոխկապակցված հաստատություն», – նշեց նա։
Այգու նախագիծն ի սկզբանե ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID)՝ Արտերկրում ամերիկյան դպրոցների եւ հիվանդանոցների գրասենյակի (ASHA) կողմից 2019 թ․ սեպտեմբերին տրամադրված դրամաշնորհի միջոցով։ USAID-ի գործունեության դադարեցումից հետո նախագիծն ավարտին հասցվեց դոկտոր Կարեն Կակոսյանի առատաձեռն նվիրատվության շնորհիվ։
Դոկտոր Կակոսյանի նվիրվածությունը ՀԱՀ-ին արտացոլվում է նաեւ «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամի ստեղծմամբ։ Նախագծի իրականացմանն աջակցեց նաեւ «Ավետիսյան ընտանիք» հիմնադրամը՝ ՀԱՀ գլխավոր բարերարներից մեկը, որը տարիներ շարունակ աջակցել է համալսարանի բազմաթիվ կրթական ու ենթակառուցվածքային նախաձեռնությունների իրականացմանը։ Նախագծի համար նախատեսված տարածքը Երեւանի քաղաքապետարանի կողմից համալսարանին տրամադրվել է 25 տարի ժամկետով՝ անհատույց օգտագործման իրավունքով։