«Ուժեղ Հայաստանին» ընտրություններին մասնակցել թույլ չտալը լինելու է անօրինական․ Թաթոյան

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելու որոշումը լինելու է անօրինական, հակասահմանադրական և ոտնձգություն ժողովրդավարության դեմ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։
«Ես խստորեն դատապարտում եմ նրա այս արարքները, որոնք ուղղված են հունիսի 7-ին Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակելուն։ Այս քայլը նշանակում է, որ իշխանությունը փորձում է ընտրությունները զրկել ժողովրդավարական լիարժեք լեգիտիմությունից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Թաթոյանը։
Նա դիմել է ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ շեշտելով, թե թույլ չեն տալու, որ Հայաստանը վերածվի Էրդողանի Թուրքիայի ու Ալիևի Ադրբեջանի նման երկրի։
Թաթոյանն ընդգծել է՝ այս կերպ Փաշինյանը պատերազմ է հայտարարել ոչ թե մեկ քաղաքական ուժի, այլ ժողովրդավարական համակարգի և մեր ժողովրդի դեմ։
Նա հայտարարել է, որ անհրաժեշտ է պաշտպանել դժվարությամբ ձեռք բերված ազատությունները և պայքարել Հայաստանը հետընթացից զերծ պահելու համար։
Թաթոյանը նաև ուղերձ է հղել հայ ժողովրդին՝ կոչ անելով մասնակցել ընտրություններին և քվեով պատասխան տալ Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը։

Հիշեցնենք, որ 22։15-ից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դիմումը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին։

Leave a comment