2026 թվականի հունիսի 4-6-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից դեպի Հայաստան իրականացված թռիչքների քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է մոտ 33%-ով։
Ավելի վաղ Factor TV-ն ուսումնասիրել էր 2026 թվականի հունիսի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ-ից Հայաստան իրականացված քաղաքացիական թռիչքները և դրանք համեմատել նախորդ տարվա նույն օրերի տվյալների հետ։ Այդ ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ նշված ժամանակահատվածում թռիչքների թիվն աճել է մոտ 30%-ով։
Ուսումնասիրության հիմքում սոցցանցերում որոշ օգտատերերի՝ Ռուսաստանից Հայաստան օրական թռիչքների վերաբերյալ միմյանց հակասող հրապարակումներն են։ Մի մասը պնդում է, թե թռիչքների քանակը կտրուկ ավելացել է, իսկ մյուսները հակադարձում են՝ նշելով, որ նման աճ չկա կամ այն չափազանցված է։
Factor TV-ն Ռուսաստանից Հայաստան թռիչքներն ուսումնասիրել է՝ Flightradar24-ի միջոցով այս անգամ դիտարկելով 2025 և 2026 թվականների հունիսի 4-6 ժամանակահատվածի բոլոր քաղաքացիական թռիչքները։
Հունիսի 4-6-ին օրական թռիչքների թիվը
Factor TV-ի հավաքած տվյալները ցույց են տալիս, որ 2026 թվականի հունիսի 4-6-ին Ռուսաստանից Հայաստան օրական իրականացվել է 30-ից ավելի չվերթ։
2025 թվականի հունիսի 4-ին Ռուսաստանից Հայաստան իրականացվել էր 28 չվերթ, իսկ 2026 թվականի նույն օրը՝ 34։ Հունիսի 5-ին ցուցանիշը 28-ից դարձել է 37, իսկ հունիսի 6-ին՝ 24-ից 35։
Ընդհանուր առմամբ, հունիսի 4-6-ը 2025 թվականին Ռուսաստանից Հայաստան իրականացվել էր 80 չվերթ, իսկ 2026 թվականին՝ 106։ Այսինքն՝ չվերթների թիվն ավելացել է 26-ով կամ մոտ 33%-ով։
Միայն Մոսկվայի ուղղությամբ արձանագրվել է 13 չվերթի աճ։ Եթե այս տվյալները համադրենք նաև նախորդ երեք օրերի՝ հունիսի 1-3-ի ցուցանիշների հետ, ապա 2025 թվականի հունիսի 1-6-ի համեմատ Մոսկվայից Հայաստան չվերթների թիվը 2026 թվականին ավելացել է 22-ով։
Այսպիսով, չվերթների ընդհանուր աճի պայմաններում Մոսկվան պահպանել է իր կարգավիճակը որպես հիմնական ուղղություն։
Մոսկվայից հետո ամենամեծ աճը գրանցվել է Կրասնոդարի ուղղությամբ։ Չնայած նախորդ տարի այս օդանավակայանից թռիչքները սահմանափակված էին ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով, 2025 թվականի հունիսի 6-ին Կրասնոդարից դեպի Հայաստան մեկ չվերթ, այնուամենայնիվ, իրականացվել էր։
Աճ է գրանցվել նաև Սանկտ Պետերբուրգի, Եկատերինբուրգի, Սամարայի, Կազանի և Վոլգոգրադի ուղղություններով։ Սանկտ Պետերբուրգից չվերթների թիվը 5-ից դարձել է 8, Եկատերինբուրգից՝ 3-ից 5, Սամարայից՝ 1-ից 3, Կազանից՝ 1-ից 3, Վոլգոգրադից՝ 1-ից 2 թռիչք։
2026 թվականի հունիսի 4-6-ին մեկական չվերթ է արձանագրվել նաև Ուֆայից, Սարատովից, Չելյաբինսկից և Կալինինգրադից, մինչդեռ 2025 թվականի նույն օրերին այդ ուղղություններից չվերթներ չեն եղել։
Միևնույն ժամանակ, ինչպես հունիսի 1-3-ի դեպքում, այս անգամ ևս որոշ ուղղություններով նվազում է արձանագրվել։ Սոչիից չվերթների թիվը 13-ից դարձել է 11, Միներալնիե Վոդիից՝ 10-ից՝ 9։
Տյումենից, Պերմից և Սուրգուտից 2025 թվականի հունիսի 4-6-ին եղել էր մեկական չվերթ, իսկ 2026 թվականի նույն օրերին այդ ուղղություններից չվերթներ չեն կազմակերպվել։
Վեցօրյա պատկերը՝ կայուն աճ, ոչ թե մեկօրյա շեղում
Հունիսի 1-3-ի և հունիսի 4-6-ի տվյալների համադրումը ցույց է տալիս, որ Ռուսաստանից Հայաստան չվերթների աճը պահպանվել է ամբողջ դիտարկված ժամանակահատվածում։
Վեցօրյա կտրվածքով 2026 թվականին Ռուսաստանից Հայաստան իրականացված չվերթների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 50-ով՝ 163-ից դառնալով 213։ Աճը կազմել է 50 չվերթ կամ մոտ 31%։
Այսպիսով՝ ներկայացված տվյալները փաստում են՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ռուսաստանից Հայաստան չվերթների թիվն էապես աճել է, և այդ աճը պահպանվել է հունիսի առաջին վեց օրերի ընթացքում։
Մարիա Խաչատրյան