«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցով «Հանրապետություն» կուսակցությունն այսօր փաստաթղթեր է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով։ ԿԸՀ-ն այսօր՝ ժամը 22:00-ին, նիստ է հրավիրել այս հարցով։
Կուսակցության պատգամավորի թեկնածու Գրիգոր Առաքելյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է իրենց պահանջները։ Նրա խոսքով՝ առաջին կետով պահանջում են անվավեր ճանաչել դաշինքը գրանցելու ԿԸՀ որոշումը, իսկ եթե ԿԸՀ-ն համարի, որ իր որոշմամբ այդ գրանցումը անվավեր ճանաչելու համար հիմքերը բավարար չեն, երկրորդ կետով պահանջում են, որ ԿԸՀ-ն դիմի ՀՀ վարչական դատարան:
«Արտաքին ազդեցության մասին, ֆինանսական թափանցիկության մասին, խոսույթ կա արտասահմանից ՀՀ քաղաքացիների վրա ճնշում գործադրելով Հայաստան տեղափոխելու մասին: Մարդիկ այդ օրը մեքենաներով պարտադրված գալիս են, որոշ արտաքին ուժերի սրտի թեկնածուին ընտրելու, և հաջորդ օրը երկիրը լքելու միտումով: Այս ամենը միտված է խափանելու ընտրությունների բնականոն ընթացքը: Եվ կարծում ենք՝ ՀՀ իշխանությունները ունեցել են անելիք և չեն արել»,- ասաց Առաքելյանը:
Փաստաբան Տիգրան Եգորյանն էլ նշեց, որ հարցը պետք է հանգուցալուծվի մինչև վաղը՝ ժամը 24:00-ն:
«Այսօր, կամ վաղը առավոտյան պետք է որոշում կայացնի ԿԸՀ-ն, հաշվի առնելով և ջանալով՝ չզրկել մեզ դատարանի իրավունքից, պետք է առավել հրատապ քննի այս դիմումը»,- ասաց փաստաբանը: Կախված ԿԸՀ որոշումից՝ կուսակցությունը քաղաքական որոշում կկայացնի այն բողոքարկելու կամ չբողոքարկելու:
Անի Թամրազյան