Երևանում վրաերթի է ենթարկել ընդդիմադիրներին, կան տուժածներ. Սոնա Աղեկյան

Բաժանորդագրվել

Աղեկյանի խոսքով` քարոզարշավի անդամներից մի քանիսն այս պահին տեղափոխում են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Երևանի Շենգավիթ վարչական շրջանում վրաերթի են ենթարկել ընդդիմադիրներին, կան ծանր վիրավորներ։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, ԲՀԿ ցուցակում ընդգրկված Սոնա Աղեկյանը։

«Սիրելի հայրենակիցներ, այս պահին նիկոլականները հենց այս մեքենայով սադրիչ էին ուղարկել, որը վրաերթի ենթարկեց մեր քարոզարշավի անդամներին և հեռացավ։ Ծանր վիրավորում են ստացել քարոզարշավի մեր անդամներից մի քանիսը, այս պահին բոլորին տեղափոխում ենք հիվանդանոց»,– գրել է Աղեկյանը։

ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ականատեսների վկայությամբ սադրիչն ավտոմեքենայով մխրճվել է «Բարգավաճ Հայաստան» և «Մայր Հայաստան» կուսակցությունների թիմակիցների բազմության մեջ։

«Մենք ճշտում ենք դեպքի մանրամասները` զուգահեռ հորդորելով իրավապահ մարմիններին հնարավորինս սեղմ ժամկետներում պարզել կատարվածի բոլոր հանգամանքները։ Սա սարսափելի նախադեպ է, որը վկայում է, թե ինչ աստիճանի կարող է հասնել քաղաքական անհանդուրժողականությունը և ընդդիմախոսների նկատմամբ թշնամանքը»,– գրել է Տոնոյանը։

ՆԳՆ ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին` քաղաքացու և ԲՀԿ աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ այս պահին ընդունվում է հաղորդում, ինչը կփոխանցվի նախաքննական մարմին։

Leave a comment