Դաշինքների ընտրությունը մնում է Հայաստանի ինքնիշխան իրավունքը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը «Լենտա»-ին տված հարցազրույցում։
«Դաշինքների և ինտեգրացիոն ձևաչափերի ընտրությունը մեր հայ գործընկերների ինքնիշխան իրավունքն է», – ասել է Գալուզինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում։
Փոխարտգործնախարարի խոսքով՝ Ռուսաստանը հետևում է հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։ «Ներկայումս արտաքին խաղացողները փորձում են Հայաստանին մղել խզել կապերը Ռուսաստանի հետ՝ հանուն եվրոպական ապագայի, որը, սակայն, մնում է անցողիկ»,- նշել է նա։
Գալուզինի խոսքով՝ եթե Հայաստանը միակողմանիորեն սկսի ընդունել ԵՄ իրավական և տեխնիկական չափանիշներ, դա անխուսափելիորեն կասկածի տակ կդնի ԵԱՏՄ-ում Երևանի ներկայիս անդամակցության շարունակությունը։ Նման արդյունքը կհանգեցնի մեր տնտեսական կապերի ամբողջ համակարգի ճշգրտումների։
«Խոսքը պատժամիջոցների կամ «պատժի» մասին չէ, այլ Հայաստանի հնարավոր ռազմավարական ընտրության լիովին օբյեկտիվ, իրավական և գործնական հետևանքների մասին։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի դիրքորոշումը հետևողական և բաց է։ Մենք շահագրգռված ենք պահպանել Հայաստանը որպես մերձավոր գործընկեր և դաշնակից, ինչպես նաև որպես եվրասիական կառույցների լիիրավ անդամ։ Ռուսաստանը միշտ բաց է Հայաստանի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության համար, բայց պատրաստ չէ աչք փակել այս սցենարները կրկնելու փորձերի վրա։ Դրանք արդեն հանգեցրել են ողբերգական հետևանքների հետխորհրդային տարածքի այլ մասերում»,- հայտարարել է պաշտոնյան։