ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Ուկրաինային օգնություն տրամադրելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը։ Հունիսի 5-ին կայացած քվեարկության ժամանակ օրինագծին աջակցել է Ներկայացուցիչների պալատի 226 անդամ, դեմ է եղել 195-ը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Որպեսզի փաստաթուղթն օրենքի ուժ ստանա, այն պետք է հաստատվի Սենատի կողմից։

Օրինագիծը նախատեսում է Ուկրաինայի վերակառուցման համար հատուկ հիմնադրամի ստեղծում։ Բացի այդ, այն վերականգնում է ԱՄՆ նախագահի լիազորությունները՝ պաշտպանական միջոցներ փոխանցելու Ուկրաինային և Արևելյան Եվրոպայի երկրներին վարկային կամ վարձակալության մեխանիզմներով։ Փաստաթղթի համաձայն՝ Պենտագոնը լիազորված կլինի հետախուզական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային մինչև 2027 թվականի վերջը։ Իր հերթին, Պետքարտուղարությունը պարտավորվում է ամրապնդել Բալթյան երկրների զինված ուժերի և սահմանային կառույցների կարողությունները։

Փաստաթուղթը նաև ընդլայնում է Ռուսաստանի վրա ճնշման գործիքները: ԱՄՆ նախագահն իրավունք է ստանում կիրառել լրացուցիչ պատժամիջոցներ, արգելափակել ռուս անհատների և կազմակերպությունների ակտիվները, ինչպես նաև սահմանել արտահանման նոր սահմանափակումներ և մաքսատուրքեր։

Միաժամանակ, ամրապնդվում է համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ, ներառյալ՝ զենքի մատակարարումը, ուկրաինական զորքերի համար ուսուցումը և հետախուզական աշխատանքների համակարգումը:

ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օլգա Ստեֆանիշինան Ներկայացուցիչների պալատի որոշումն անվանել է «կարևոր քայլ դեպի առաջ»՝ ընդգծելով, որ այն ցույց է տալիս ԱՄՆ-ում Ուկրաինային շարունակական երկկուսակցական աջակցությունը։

Նախաձեռնության քննարկումը Սենատի կողմից կլինի հաջորդ առանցքային քայլը։ Դրա ճակատագիրն այնտեղ կախված կլինի դեմոկրատների և հանրապետականների միջև ուժերի հավասարակշռությունից, որոնցից մի քանիսը կողմ են արտաքին օգնության կրճատմանը։

Reuters-ը գրում է, որ օրինագծի հաստատվելու դեպքում անգամ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է օգտվել վետոյի իրավունքից։

2025 թվականի հունվարին Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր նրա վարչակազմը զգալիորեն դանդաղեցրել է Ուկրաինային տրամադրվող օգնությունը։ ԱՄՆ նախագահը նաև բազմիցս ընդգծել է իր մտադրությունը՝ պահպանել պատժամիջոցների վերաբերյալ որոշումների նկատմամբ վերահսկողությունը՝ Կոնգրեսին չփոխանցելով  այդ լիազորությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment