ՊՆ «բորդյուրին» նստելու համար` տնային կալանք, ԲՀԿ-ի 3 թեկնածուներ հայտնվել են թիրախում. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է ․ 

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ մոտ 2 ամիս առաջ Պաշտպանության նախարարության դիմաց միջադեպ է տեղի ունեցել ՀՀ քաղաքացի Կորյուն Հակոբյանի եւ ՊՆ աշխատակիցների միջեւ։

Ըստ իրավապահների՝ Կորյուն Հակոբյանը երեկոյան ժամին նստել է նախարարության շենքի դիմացի «բորդյուրին» եւ ալկոհոլ օգտագործել, նրան են մոտեցել նախարարության անվտանգության աշխատակիցները, ասել են՝ տարածքը լքիր, ի պատասխան քաղաքացին ասել է՝ «իմ երկիրն է, որտեղ կուզեմ, կնստեմ»։

Սրանով միջադեպը չի ավարտվել, ՊՆ աշխատակիցները ստիպել են հեռանալ քաղաքացուն, նա հակաճառել է, «վիրավորական խոսքեր ասել» կառավարության անդամների հասցեին, որից հետո նրան ձերբակալել են, քրեական վարույթ նախաձեռնել, որպես մեղադրյալ ներգրավել:

Պաշտոնապես մեղադրել են «ՊՆ աշխատակիցների աշխատանքը խոչընդոտելու համար»։ Կորյուն Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, ապա՝ այն փոխվել է բացակայելու արգելքով։ Նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանից փորձեցինք պարզել դեպքի մանրամասները, ասաց՝ քրեական վարույթի մանրամասները լավ չի հիշում, բայց նման պաշտպանյալ ունի։

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա. Փանոսյանը 2026 թվականի հունիսի 1-ին գրությամբ միջնորդություն է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Դատախազությունը ԿԸՀ-ից պահանջել է համաձայնություն տալ 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Գարուշ Սերյոժայի Մարզեցյանին ազատությունից զրկելուն։

Արդյունքում, ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը, և Գարուշ Սերյոժայի Մարզեցյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում։ Բացի այդ, որոշում է կայացվել նրան ազատությունից զրկելու վերաբերյալ։

Սակայն սա դեռ վերջը չէ։ԲՀ պատգամավորի թեկնածու Էդգար Բոջուկյանի նկատմամբ ևս, ԿԸՀ-ի համաձայնության արդյունքում, սկսվել է քրեական հետապնդում, իսկ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունը նույնպես բավարարվել է։

Ավելին, ԿԸՀ-ի որոշմամբ, Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական հետապնդում է հարուցել և ազատությունից զրկելու որոշում է կայացրել նաև ԲՀԿ պատգամավորի թեկնածու Նաիրա Հարությունյանի նկատմամբ։

Այսպիսով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երեք պատգամավորի թեկնածուներ հայտնվել են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, և նրանց նկատմամբ կայացվել են քրեական հետապնդում սկսելու ու ազատությունից զրկելու վերաբերյալ որոշումներ»։

Leave a comment