«Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը նախընտրական բանավեճի ժամանակ ներկայացրել է, թե իր կարծիքով ով է առաջինը օրակարգ բերել 300 հազար ադրբեջանցիների խոսույթը։
Նա դիմել է Նիկոլ Փաշինյանին և կարդացել է մեջբերում։
«Արտաքին հետախուզական ծառայության հաշվետվությունն է 2026 թվականին, հուսով եմ՝ Դուք կարդացել եք ընդհանրապես։ Այստեղ գրված է՝ Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո, խաղաղության նախաստորագրումից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է Արևմտյան Ադրբեջանի քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության և երկարաժամկետ խաղաղության համար»։
Կարապետյանի մեջբերումը թեև փոքր-ինչ փոփոխել է շարադասությունը, բայց նրա մեջբերումն ըստ էության արտահայտում է միտքը, որը ներկայացված է ՀՀ արտաքին հետախուզական ծառայության զեկույցում։
«Ծառայության համապարփակ վերլուծությունը ցույց է տալիս, որ երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա էականորեն բացասաբար ազդող և ռիսկային գործոն են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող, այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթներն ու դրանց ուղեկցող գործողությունները։ Ծառայության ունեցած տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է սույն քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության և երկարաժամկետ խաղաղության համար», – նշված է փաստաթղթում։
Կարապետյանի մեջբերումը պատասխան է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, որը բանավեճի ընթացքում մի քանի անգամ ասել է, որ ընդդիմադիր ուժերն են օրակարգ բերում 300 հազար ադրբեջանցիների վերադարձի թեման։
Միաժամանակ, պետք է նշել, որ զեկույցը չի պարունակում հիշատակում 300 հազար կամ այլ քանակով ադրբեջանցիների վերադարձի մասին, այն ռիսկ է համարում «արևմտյան Ադրբեջանի» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթներն ու «դրանց ուղեկցող գործողությունները», առանց ներկայացնելու, թե ինչ գործողությունների մասին է խոսքը։
Գարիկ Հարությունյան