Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

Քաղաքականություն

05.06.2026 | 01:14

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացնում է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել փաստերի ստուգման գործիքներով և մեթոդներով։ Սկզբում տրվում է պնդումը, ապա դրա ստուգումը։

Բանավեճի ընթացքում Սամվել Կարապետյանի մասին Փաշինյանը նման հայտարարություն է արել․ «Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում էլ ա հետախուզման մեջ՝ փողերի լվացման համար»։

Այս հայտարարությունը բաց աղբյուրներում հրապարակումներով չի հաստատվում։ Փողերի լվացման հոդվածով քրեական գործ Ֆրանսիայում քննվում է, որն առնչվում է Կարապետյանին պատկանող գույքին։

Ֆրանսիայի Ռոկբրուն-Կապ-Մարտեն համայնքում (Պրովանս-Ալպեր-Լազուրի ափի շրջան) գտնվող Մարիա Իրինա վիլլան թղթերով պատկանում է ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին, սակայն Փարիզի դատախազությունը կարծում է, որ դրա «իրական շահառուն» ռուսական գազային և նավթային հսկայի՝ «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունն է՝ «Գազպրոմ Նեֆթ»-ը: Այդ մասին ավելի վաղ գրել է ֆրանսիական Le Monde-ը։

«Վիլլա Մարիա Իրինա» վերանվանված գույքը պաշտոնապես պատկանում է ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանին։ Բայց կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համար պատասխանատու ազգային կառույցը (Junalco), որը նախաքննություն է սկսել փողերի լվացման համար, կասկածի տակ է դնում այս հանգամանքը։

Բացի այդ, օրեր առաջ The Insider-ը հայտնել է, որ մանրամասն ուսումնասիրել է առանձնատան պատմությունը՝ հիմնվելով այն ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների վրա, որոնց միջոցով գրանցվել է սեփականության իրավունքը։ Այս փաստաթղթերը ցույց են տալիս, որ գույքի գնման և դրան կից պարտքերի մարման համար միջոցները տրամադրվել են «Գազպրոմ»-ի կառույցների կողմից՝ անհատույց և առանց որևէ վերադարձման հույսի, և որ ինքը՝ Կարապետյանը, կարող է համարվել գույքի միայն անվանական սեփականատեր։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment