Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար Անկարայում «կարմիր գոտիներ» կսահմանի և 40,000 անվտանգության աշխատակիցների կտեղակայի

Քաղաքականություն

04.06.2026 | 22:37

Թուրքիայի իշխանությունները հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի կապակցությամբ «կարմիր գոտիներ» կսահմանեն օդանավակայանների, նախագահական համալիրի, ավտոշարասյուների երթուղիների և պատվիրակությունների հյուրանոցների շուրջ, 15 օրով կարգելեն ցույցերը, կսահմանափակեն որոշ միջազգային չվերթներ, կխստացնեն Անկարա մուտքի ստուգումները և 40,000 ոստիկանական ու ժանդարմերիայի ստորաբաժանումներ կտեղակայեն։ Այս մասին հայտնում են թուրքական աղբյուրները, գրում է Turkish Minute-ը։

ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովի շրջանակում դաշինքի առաջնորդները հուլիսի 7-ին և 8-ին կայցելեն Անկարա՝ Բեշթեփեի նախագահական համալիր։ Անվտանգության միջոցառումներին կմասնակցեն նաև քաղաքացիական հագուստով ոստիկաններ։

Թուրքիայի պետական ​​Անադոլու լրատվական գործակալությունը հայտնել է, որ նշված տարածքներ մեքենաների և հետիոտների մուտքը կվերահսկվի։ Հուլիսի 1-ից մինչև հուլիսի 15-ն Անկարայում ցույցերն ու երթերը թույլատրված չեն լինի։

Գործող քաղաքային անվտանգության տեսախցիկների ցանցից բացի՝ 100 կետերում կտեղադրվեն տեսահսկողության խցիկներ։ Էսենբողա օդանավակայանում և դրա շրջակայքում կկիրառվեն «անվտանգության արտակարգ միջոցառումներ», որոնք կսահմանափակեն միջազգային չվերթները։ Անկարա մուտքի կետերում անվտանգության ստուգումները կուժեղացվեն։

ՆԱՏՕ-ի տարածած մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ գագաթնաժողովը կնախագահի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Սա կլինի ՆԱՏՕ-ի երկրորդ գագաթնաժողովը, որը հյուրընկալում է Թուրքիան՝ 2004 թվականի Ստամբուլում կայացած գագաթնաժողովից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment