Գալուզին․ Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվին և Երևանին՝ խաղաղության պայմանագրի կնքման համար

Քաղաքականություն

04.06.2026 | 19:11

Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք նպաստել Բաքվին և Երևանին տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, մարդասիրական հարցերի լուծման, ինչպես նաև խաղաղության պայմանագրի ստորագրման համար ռուսական հարթակի պատրաստման և տրամադրման հարցում», – ասել է նա Պետերբուրգում տնտեսական ֆորումում իր ելույթում։

Գալուզինը նշել է, թե «Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին՝ ուղղված հարաբերությունների լիարժեք և համապարփակ կարգավորմանը՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի»։

«Մենք զգալի ներուժ ենք տեսնում 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակում, որը միավորում է Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը, այսինքն՝ Հարավային Կովկասի երկրները և նրանց պատմական հարևաններին», – հայտարարել է Գալուզինը։

Նա նշել է, թե  այս մեխանիզմը  կոչված է նպաստելու տարածաշրջանի խնդիրների լուծմանը տարածաշրջանի երկրների և իրենց հարևանների կողմից՝ «առանց արտաքին ապակառուցողական միջամտության»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment