Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ


Մեր երկրում անվտանգ ճանապարհային երթևեկության մշակույթի ձևավորումը շարունակում է մնալ պետական կարևոր առաջնահերթություն։


 


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ներքին գործերի նախարարության հետ համատեղ մեկնարկում է ճանապարհային երթևեկության անվտանգության նոր կրթական ծրագիր։


 


Արդեն այս սեպտեմբերից հանրակրթական դպրոցների ավագ դասարանների աշակերտների համար կամընտրական հիմունքով կգործեն ճանապարհային անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ։ Ծրագրի նպատակն է բարձրացնել սովորողների իրազեկվածությունը ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ։


Խմբակի շրջանակում ավագ դպրոցի աշակերտները կսովորեն․


  • ճանապարհային երթևեկության կանոնները

  • ճանապարհային նշանները և գծանշումները

  • լուսացույցի և կարգավորողի ազդանշանները

  • հետիոտնի և ուղևորի վարքականոնները

  • ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները

  • վարորդական գործնական հմտություններ և այլն:


Խմբակի մասնակցությունը 12-րդ դասարանում կարող է հանդիսանալ նաև վարորդական իրավունքի քննության համար նախապատրաստական դասընթաց, որի շնորհիվ սովորողները կարող են քննություն հանձնել և վարորդական վկայական ստանալ:


 


Կյանքի համար անհրաժեշտ հմտությունների զարգացումը, սովորողների գործնական կարողությունների և հմտությունների զարգացումը, առավել պատրաստված և պատասխանատու շրջանավարտների ձևավորումը կրթական համակարգի կարևոր խնդիրներից են։


 


Ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ գիտելիքներն ու վարքականոնը կարևոր ներդրում են շրջանավարտի՝ որպես քաղաքացու պատրաստման գործում, որը մեծապես կարող է նպաստել ճանապարհային երթևեկության կանոնների պահպանմանն ուղղված պատասխանատու և անվտանգ հանրային մշակույթի ձևավորմանը։

Դիտումների քանակ10

Leave a comment