Հայաստանը 12 մլն եվրո կստանա Զարգացման ֆրանսիական գործակալությունից՝ ջրային և գյւողատնտեսության ոլորտի զարգացման համար

ՀՀ կառավարությունը  հավանություն է տվել Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) հետ 12 մլն եվրոյի դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկին


ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի օրվա նիստում հավանություն է տվել Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) հետ 12 միլիոն եվրոյի դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկին։ Միջոցներն ուղղվելու են «Հայաստանի ջրային և գյուղատնտեսության ոլորտների համապարփակ զարգացում» ծրագրին։


Որոշման հիմնավորման համաձայն՝ համաձայնագիրը նախատեսում է ՀՀ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման բարելավում, ոռոգման և խմելու ջրի ենթակառուցվածքների վերականգնում ու արդիականացում և ոլորտի ինստիտուցիոնալ կարողությունների ուժեղացում։ 


Ծրագիրը ներառում է երկու փոխկապակցված բաղադրիչ։ Առաջինը ներդրումային է՝ ուղղված ազգային մակարդակով ջրային ենթակառուցվածքների զարգացմանը։ Այն համաֆինանսավորվելու է Համաշխարհային բանկի «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավում» (WISE) ծրագրով։


Երկրորդ բաղադրիչը կիրականացվի տեղական մակարդակով՝ Սյունիքի մարզում։ Մասնավորապես, նախատեսվում է Սիսիան, Գորիս և Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի փուլային վերականգնում և արդիականացում, ինքնահոս համակարգերի զարգացում, պոմպակայանների արդիականացում, ջրի կրկնակի օգտագործման համակարգերի ներդրում։


Զարգացման ֆրանսիական գործակալությունը (Agence Française de Développement, AFD) Հայաստանում գործում է 2013 թվականից։ Գործակալությունը մասնակցում է բնական ռեսուրսների կառավարման, քաղաքային ենթակառուցվածքների, էներգետիկ անցման և պետական ֆինանսների կառավարման ոլորտների նախագծերին։

Leave a comment