Երեւան: Մեդիամաքս: Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության կայքում հրապարակվել է «Փաշինյանը Հայաստանը մտավոր վերափոխման է տանում» վերնագրված ռուսալեզու հոդվածը։
Հրապարակման մեջ, մասնավորապես, ասվում է.
«2020 թվականի Երկրորդ ղարաբաղյան պատերազմում կրած ջախջախիչ պարտությունից հետո Փաշինյանի նախաձեռնած փոփոխությունների ուղղություններից մեկը դարձավ Հայաստանի պատմական կրթության վերաիմաստավորումը։ Փաշինյանը կողմ է նրան, որ 1915 թվականի իրադարձությունների հանդեպ մոտեցումները, որոնք Հայաստանում եւ սփյուռքում տաբուացված բնույթ ունեն, ինչպես նաեւ երկրի սահմաններին ու ազգային նպատակներին մոտեցումները «համապատասխանեն ներկա պայմաններին» եւ «նպաստեն երկրի զարգացմանը»։
Ի տարբերություն ազգայնական ընդդիմության, Փաշինյանն իր «Իրական Հայաստան» պատման մեջ ընդգծում է «միջազգային հանրության կողմից ճանաչված 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի վրա» կենտրոնանալու եւ էքսպանսիոնիստական պատրանքներից հրաժարվելու անհրաժեշտությունը։
Հայ պաշտոնյաները «Իրական Հայաստանի» շրջանակում հանդես են գալիս ինչպես «Ղարաբաղի» վերաբերյալ շարունակվող սադրիչ հայտարարությունների, այնպես էլ Թուրքիայի հետ հարաբերությունների հասցեին հնչող սադրիչ արտահայտությունների դեմ։
2024 թվականի ապրիլի 24-ի իր ուղերձում Փաշինյանը հայտարարել էր, որ «կորուսյալ հայրենիքի» որոնումները դադարեցված են եւ «ավետյաց երկիրը» ներկայիս Հայաստանն է, որն իր վարած քաղաքականության շնորհիվ կարող է ապահովել քաղաքացիների բարեկեցությունը։
Հայաստանի վարչապետը դեմ է Թուրքիայի տարածքում գտնվող Արարատ լեռը որպես հայկական խորհրդանիշ օգտագործելուն, եւ 2025 թվականի սեպտեմբերին որոշում է ընդունվել Հայաստան մուտքի եւ ելքի անձնագրային կնիքներից հեռացնել Արարատ լեռան պատկերը»։