Հասարակություն
04.06.2026 | 17:17
«Ուղիղ օդանավակայանում ոչ մեկին չենք կարող ծանուցագիր տալ»,– Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված տեղեկություններին, թե սահմանային անցակետերը հատողներին 25-օրյա վարժական հավաքի ծանուցագրեր են հանձնում։
«Ծանուցման համար կա կարգ։ Ծանուցումը սովորաբար լինում ա ըստ այդ կարգի։ Էնտեղ ծանուցում իրականացնել ֆիզիկապես հնարավոր չի»,– ասաց նախարարը։
Factor.am-ի հարցին, թե բացառո՞ւմ է, որ Ռուսաստանից Հայաստան ժամանողներին կարող են 25-օրյա վարժական հավաքի ծանուցագրեր տալ, Պապիկյանը պատասխանեց․ «Ինչպե՞ս կարող եմ բացառել դա։ Այսինքն՝ Ռուսաստանից եկող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ով զինապարտ է, հայրենիքի առաջ պարտականություններ չունի՞։ Բնականաբար չեմ կարող բացառել»։
Նա նաև անդրադարձավ սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ներկայությանը՝ նշելով․ «Ռազմական ոստիկանությունը ֆունկցիաներ ունի, որն իրականացնում է ըստ անհրաժեշտության։ Դա կարող է լինել օպերատիվ ինֆորմացիայի հիման վրա, կարող է լինել այլ ֆունկցիոնալ պարտականությունների շրջանակներում, այդ թվում նաև հետախուզվող անձանց փնտրտուքի շրջանակներում՝ տարբեր հարցերով»։
Նարեկ Կիրակոսյան