Արթուր Օսիպյանը հրաժարվել է ՄԻՊ աշխատակիցների հետ առանձնազրույցից․ Մանասյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երբ դեպքը տեղի է ունեցել, իմ հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի իմ գործընկերները անմիջապես մեկնել են տեսակցելու Արթուր Օսիպյանին: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը:
«Նշեմ, որ գաղափարն այն է, որ տեղի ունենա անձի հետ առանձնազրույց, ինչպես մնացյալ բոլոր դեպքերում, և անձը ներկայացնի իր իրավունքների հետ կապված հիմնական խնդիրները, որպեսզի մենք նաև հնարավորություն ունենանք անձի հետ կապված հարցերով զբաղվելու, քանի որ անձնական տվյալներ ենթադրող տեղեկատվության փոխանցում է սա ենթադրում և մի շարք այլ հանգամանքներ»,- նշեց ՄԻՊ-ը:
Անահիտ Մանասյանը, սակայն, նշեց, որ ի սկզբանե անձը հրաժարվել է իր գործընկերների հետ առանձնազրույց ունենալ և ներկայացնել իր իրավունքների հետ կապված խնդիրները: «Ամեն դեպքում, քանի որ այս գործընթացն սկսվել էր իմ նախաձեռնությամբ, մենք դրանից հետո հրապարակային տեղեկատվություն ենք ուսումնասիրել, ես ինքս նաև դեպքի հետ կապված համակարգային խնդիրների համատեքստում ամենասկզբում մի հայտարարություն եմ տարածել, ու դրանից հետո մենք, նաև մյուս գործիքների կիրառմամբ, որոնք հնարավոր են անձի համաձայնության բացակայության դեպքում, ևս փորձել ենք տարատեսակ գործիքներ կիրառել, մասնավորապես, նաև այս շաբաթ իմ հանձնարարությամբ մենք կանխարգելման ազգային մեխանիզմի շրջանակներում, որը ենթադրում է համակարգային խնդիրների բացահայտում և արձանագրում, այց ենք իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ, և այցի նպատակը ի սկզբանե իմ բոլոր հնարավոր որոշումներով սահմանել եմ՝ մի քանի կարևոր խնդիրների արձանագրում և մշտադիտարկում, այդ թվում՝ կարանտինային բաժանմունքի և հացադուլ իրականացնող անձանց հետ կապված խնդիրների հասցեավորումը: Այս համատեքստում պետք է նշեմ, որ հացադուլ հայտարարած անձանց ենք նաև այցելել, նրանց վիճակին ենք ծանոթացել, նրանց հետ կապված խնդիրներ ենք փորձել հասցեավորել: Մի շարք խնդիրներ են բարձրացրել հացադուլ հայտարարած անձինք. նշեմ, որ խոսքը բոլոր հացադուլ հայտարարած անձանց մասին է, նրանց խնդիրների, այդ թվում՝ Արթուր Օսիպյանի մասին: Քանի որ խոսքը կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթի շրջանակներում է, մի շարք խնդիրներ տեղում են ստացել իրենց լուծումները. նկատի ունեմ ՔԿՀ-ի հետ կապված»,- ասաց Մանասյանը:
Նա Օսիպյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն չներկայացրեց: «Բնականաբար ինձ թույլ չեմ տա ներկայացնել, քանի որ դա նաև բժշկական գաղտնիք կամ անձնական տվյալ ներկայացնող տեղեկատվություն է ենթադրում, բայց մենք նաև պաշտոնապես կստանանք, քանի որ անձը նաև հետագայում հենց դիմել է մեզ, այսինքն դիմում է հասցեագրել, մենք նաև անձնական տվյալ ենթադրող տեղեկություններ կստանանք: Թույլ տվեք ձեռնպահ մնալ անձի առողջական վիճակի մասին տեղեկություններ ներկայացնելուց, բայց կխնդրեմ մի բան նկատի ունենանք՝ հացադուլ հայտարարած անձինք այս առումով մեր կարգավորումները միջազգայն ստանդարտների համապատասխան փոխվել են այն տրամաբանությամբ, որ հացադուլը անձի իրավունքն է դիտարկվում, այսինքն այս առումով միջամտության անձի կամքի արտահայտությանը հնարավոր չէ, և հնարավոր է միայն բացառիկ իրավիճակներում, եթե որոշակի ստանդարտների համապատասխանի. այստեղ կարևորը պետության պարտավորությունն է, որպեսզի բժշկական հսկողությունը պետությունը պատշաճ իրկականացնի»,- նշեց Անահիտ Մանասյանը:
«Օսիպյանի՝ ազատությունից զրկման հարցը այս անձի պարագայում ևս բազմաթիվ հարցեր է առաջացնում, որովհետև բազմիցս եմ խոսել թե՛ խափանման միջոց կալանքի կիրառման մասին, թե՛ նաև խոսքի ազատության սահմանները խախտելու պարագայում քրեական պատասխանատվության գործիքների կիրառման մասին: Հիմա հնարավորություն կունենանք փաստաթղթերին ծանոթանալու, որպեսզի հասկանանք, թե, օրինակ, տարբեր մարմիններ ինչ են հիմքում դրել մարդուն վերաբերելի տարբեր հանգամանքների հետ կապված: Խնդրի վերաբերյալ ապագայում եմ խոսելու»,- ասաց ՄԻՊ-ը: