Ռուսաստանը չի աջակցի Հայաստանին Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կամ երկկողմ համաձայնագրերով, եթե Երևանը շարունակի մերձենալ Եվրոպական Միությանը, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում։
«Մենք պետք է տեսնենք, թե ով կհաղթի [ՀՀ խորհրդարանական ընտրություններում], ապա գործողություններ ձեռնարկենք, որոշենք։ Որովհետև եթե եվրոպամետ ուժերը հաղթեն, դա նշանակում է, որ Հայաստանը շարժվում է դեպի Եվրամիություն։ Եվ այդ դեպքում իսկապես անհրաժեշտ կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել», – ասել է նա։
«Մենք չենք կարող ֆինանսական աջակցություն ցուցաբերել այն երկրին, որն իր ապագան տեսնում է Եվրամիությունում, որը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի հետ։ Ինչո՞ւ պետք է աջակցություն ցուցաբերենք նման երկրին։ Ի՞նչ է, մենք իսկապես գումա՞ր ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել», – ընդգծել է Օվերչուկը։
Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ Ռուսաստանը դեռևս պահպանում է իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ-ի շրջանակներում, բայց դրանք ենթակա են վերանայման։ Նրա խոսքով` Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդից հետո ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդների հայտարարության մեջ նշվել է միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու հնարավորության ուսումնասիրությունը։ «Մենք չենք ուզում, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից», – նշել է փոխվարչապետը՝ բացատրելով, որ աջակցությունը գալիս է մաքսային տուրքերի չեղարկման, բաց շուկաների, էներգակիրների ցածր գների և աշխատուժի ազատ տեղաշարժի տեսքով։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան «Լենտա»-ի թղթակցին ասել էր, որ եթե Հայաստանը հրաժարվի Ռուսաստանի հետ իր դաշինքից, Մոսկվան այլընտրանք չի ունենա, քան վերանայել Երևանին ներկայումս տրամադրվող արտոնությունները։