Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության» միջոցառումը, որի նպատակն է աջակցել արտահանողներին շուկաների դիվերսիֆիկացման հարցում։ Ծրագրի շրջանակում ջերմատնային արտադրության լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկ արտահանող տնտեսվարողներին տրամադրվելու է փոխհատուցում այլ երկրների շուկաներում մրցունակություն ապահովելու նպատակով։
«Արտահանվող որոշ հիմնական ապրանքային խմբերի նկատմամբ սահմանվում է արտահանված ծավալի համար փոխհատուցում հետևյալ սահմանաչափով. ելակի յուրաքանչյուր 1 կգ-ի համար՝ 770 դրամ, լոլիկի յուրաքանչյուր 1 կգ-ի համար՝ 275 դրամ, պղպեղինը՝ 400 դրամ, ծաղկի յուրաքանչյուր 1 հատի համար՝ 37 դրամ: Այս ծրագրից կարող են օգտվել ՀՀ ռեզիդենտ համարվող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք ՀՀ տարածքից 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը իրականացրել են արտադրանքի արտահանում»,- կառավարության նիստում նշեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: Նա նաև հավելեց, որ աջակցության միջոցառման ժամկետը 1 ամիս է, ըստ անհրաժեշտության՝ այն կարող է վերանայվել: