«Աբրահամյան համաձայնագրերին» միացած երկրները ներկայումս իսրայելական սպառազինության ամենաարագ աճող շուկան են՝ ձեռք բերելով ավելի շատ իսրայելական զենք, քան Միացյալ Նահանգները։ Այս մասին հայտնում է Haaretz պարբերականը։
Հրատարակության տվյալներով՝ ընդամենը երկու տարվա ընթացքում Իսրայելի պաշտպանական արտադրանքի արտահանման մեջ այդ երկրների մասնաբաժինը 3 տոկոսից աճել է մինչև 15 տոկոս։
Նշվում է, որ Եվրոպայի մասնաբաժնի նվազման ֆոնին «Աբրահամյան համաձայնագրերին» մասնակցող պետություններն ավելի հաճախ նախապատվություն են տալիս իսրայելական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերին և տեսահսկման տեխնոլոգիաներին։
Haaretz-ի գնահատմամբ՝ այս միտումը վկայում է Իսրայելի և արաբական մի շարք երկրների միջև անվտանգության ու ռազմատեխնիկական համագործակցության խորացման մասին, որը ձևավորվել է «Աբրահամյան համաձայնագրերի» շրջանակում։