ՀՀ-ում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները մայիսին տարեկան կտրվածքով աճել են 6,4%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել՝ 2,3%-ով

ՀՀ-ում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2026 թ․-ի մայիսին 2025 թ․-ի մայիսի նկատմամբ աճել են 6,4%-ով, իսկ ընթացիկ տարվա ապրիլի համեմատ նվազել՝ 2,3%-ով


ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 2026 թվականի մայիսին 2025 թվականի մայիսի համեմատ գրանցվել է 4,2% գնաճ, իսկ ընթացիկ տարվա ապրիլի համեմատ՝ 0,8% գնանկում։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։


Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2026 թվականի մայիսին 2025 թվականի մայիսի նկատմամբ աճել են 6,4%-ով, իսկ ընթացիկ տարվա ապրիլի համեմատ նվազել՝ 2,3%-ով։


Հացաբուլկեղենն ու ձավարեղենը մայիսին տարեկան կտրվածքով թանկացել են 2,9%-ով, իսկ ամսական՝ 0,2%-ով։ Բրինձը նախորդ տարվա մայիսի համեմատ էժանացել է 3,7%-ով, ապրիլի համեմատ՝ 0,4%-ով։ Ցորենի ձավարը թանկացել է համապատասխանաբար 9,7%-ով և 1,2%-ով, հնդկաձավարը՝ 8,9%-ով և 0,4%-ով, ալյուրը՝ 3,2%-ով (ամսական աճը՝ 0,5%), հացը՝ 2,2%-ով (ամսական դինամիկան՝ զրոյական), մակարոնեղենը՝ 8,8%-ով և 0,6%-ով։ Լոբին տարեկան կտրվածքով էժանացել է 1,1%-ով, ամսական՝ 0,8%-ով, ոսպը՝ համապատասխանաբար 1,9%-ով և 0,9%-ով, իսկ սիսեռը թանկացել է 2,4%-ով (տարեկան) և 0,2%-ով (ամսական)։


Միսը մայիսին տարեկան կտրվածքով թանկացել է 12,4%-ով, ապրիլի համեմատ՝ 0,9%-ով։ Տավարի միսը տարեկան արտահայտությամբ թանկացել է 22,8%-ով, ամսական՝ 1,9%-ով, խոզի միսը՝ 11,2%-ով (ամսական նվազումը՝ 0,2%), ոչխարի և գառան միսը՝ համապատասխանաբար 17,5%-ով և 2,7%-ով, իսկ թռչնամիսը՝ 4,7%-ով (ամսական նվազումը՝ 0,2%)։


Ձկան և ծովամթերքի գները 2026 թվականի մայիսին 2025 թվականի մայիսի համեմատ աճել են 3%-ով, իսկ ապրիլի համեմատ նվազել՝ 0,7%-ով։ Թարմ իշխանը տարեկան արտահայտությամբ թանկացել է 0,3%-ով, իսկ ամսական կտրվածքով էժանացել՝ 0,8%-ով։


Կաթնամթերք, պանիր և ձու խմբի գները մայիսին տարեկան կտրվածքով աճել են 13%-ով, իսկ ամսական նվազել՝ 0,4%-ով։ Պաստերիզացված կաթը տարեկան կտրվածքով թանկացել է 8,2%-ով, ամսական էժանացել՝ 0,8%-ով, թթվասերը՝ համապատասխանաբար թանկացել է 9,4%-ով և էժանացել 0,1%-ով, կաթնաշոռի գներն աճել են 6,9%-ով և նվազել 0,2%-ով, պանիրը թանկացել է 7,9%-ով (ամսական նվազումը՝ 0,4%), իսկ ձվի գինը տարեկան արտահայտությամբ աճել է 30,8%-ով, ամսական նվազել՝ 0,8%-ով։


Յուղերը և ճարպերը տարեկան կտրվածքով թանկացել են 6,8%-ով, իսկ ապրիլի համեմատ էժանացել՝ 1,3%-ով։ Կարագի գինն աճել է 5,9%-ով, բայց ամսական կտրվածքով նվազել 2,4%-ով, իսկ արևածաղկի բուսական յուղը համապատասխանաբար թանկացել է 11,5%-ով և էժանացել 0,2%-ով։


Մրգերը մայիսին տարեկան կտրվածքով թանկացել են 3,9%-ով, սակայն ամսական կտրվածքով էժանացել՝ 2,5%-ով։ Բանջարեղենի խմբում գները տարեկան կտրվածքով նվազել են 6,5%-ով, իսկ ապրիլի համեմատ՝ 12,4%-ով։


Մայիսին շաքարավազի, մրգախյուսի, մեղրի, օշարակների, շոկոլադի և շաքարային հրուշակեղենի գների աճը տարեկան արտահայտությամբ կազմել է 4,9%, իսկ ամսական՝ 0,1%։ Շաքարն ու շաքարավազը նախորդ տարվա մայիսի համեմատ թանկացել են 0,2%-ով, սակայն ամսական կտրվածքով էժանացել 0,1%-ով, իսկ շոկոլադի գինը տարեկան կտրվածքով աճել է 7,8%-ով, ամսական նվազել՝ 0,2%-ով։


Սուրճի, թեյի և կակաոյի գները ընթացիկ տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ աճել են 6,4%-ով, իսկ ապրիլի համեմատ նվազել՝ 0,1%-ով։ Սուրճը տարեկան արտահայտությամբ թանկացել է 6,4%-ով, ամսական էժանացել՝ 0,1%-ով, իսկ կակաոյի գինը համապատասխանաբար աճել է 20,5%-ով և նվազել 0,5%-ով։


Հանքային կամ աղբյուրի ջուրը, շշալցված խմելու ջուրը մայիսին տարեկան կտրվածքով թանկացել են 3,6%-ով, իսկ ամսական նվազել՝ 0,1%-ով։


Օղին տարեկան արտահայտությամբ թանկացել է 10,2%-ով, ամսական՝ 0,6%-ով, գինին՝ համապատասխանաբար 2,2%-ով և 0,8%-ով, գարեջուրը՝ տարեկան 4,9%-ով և ամսական 0,4%-ով։ Ծխախոտային արտադրատեսակները մայիսին տարեկան կտրվածքով թանկացել են 7,4%-ով, ամսական՝ 0,2%-ով։


Այլ խմբերում չներառված սննդամթերքը 2026 թվականի մայիսին 2025 թվականի մայիսի համեմատ թանկացել է 3,9%-ով, իսկ ընթացիկ տարվա ապրիլի համեմատ՝ 0,5%-ով։


Միևնույն ժամանակ, ոչ պարենային ապրանքների շուկայում 2026 թվականի մայիսին 2025 թվականի մայիսի համեմատ գներն աճել են 2,1%-ով, իսկ ապրիլի համեմատ՝ 0,5%-ով։ Ծառայությունների սակագները տարեկան կտրվածքով աճել են 2,7%-ով, իսկ ամսական՝ 0,2%-ով։


 

Leave a comment