«Իմ հետ էլ նման տոնով չխոսես, էս էնքան բան եմ արել ազգի համար, դու երեխա էիր»․ Վարդան Ղուկասյանը լեզվակռվի մեջ մտավ դատավորի հետ

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր հակակոռուպցիոն դատարանում ելույթ ունեցավ՝ ասելով, որ մտածում էր խոսել, թե ոչ, սակայն, ըստ նրա, դա թելադրվում է ի վերուստ, և նա որոշել է խոսել։

«Ոչ թե մտքով եմ մտածում, այլ հոգեպես․ հոգիս ինչ թելադրում է, նա եմ անում։ Ճիշտ ասած՝ իմ առողջական վիճակի մասին իմ ընտանիքի հետ այսքան չեմ քննարկել, որովհետև եթե ծայրահեղ վիճակում չլինեմ, բժշկի չեմ դիմի։ Դա մեր հայկական մենթալիտետն է, որը կարող է և սխալ լինել, մի կողմից էլ՝ ճիշտ է, հիմա դրան չեմ ուզում անդրադառնալ»,- ասաց Վարդան Ղուկասյանը։

Նա հիշեցրեց, որ իրեն կալանավորելուց հետո չորս քրեական վարույթ են նախաձեռնել, որոնցից երկուսը կարճել են։ Դրանցից մեկի հիմքում, ըստ նրա, իր հայտարարությունն էր այն մասին, թե Հայաստանը պետք է դաշինք կազմի ՌԴ–Բելառուս միության հետ։

Նա նշեց, որ ռուսական ռազմաբազայի մասին իր հայտարարությունները վերահաստատում է, և դարավոր հարաբերությունները պետք է պահպանել։

«Թե կարող ենք՝ ընդհուպ Եվրամիության հետ էլ դաշինք կնքել, չինական էն բանի հետ էլ դաշինք կքնենք։ Դա նպաստեց, որ ինձ արագ կարգով կալանավորեն։ Այս ամեն ինչը քաղաքական պատվեր է, բարձրաձայնում եմ մեկ անգամ։

Մեղադրող կողմը, որ վկաների անուններ է տալիս, չկա մի վկա, չկա մի հողածին, որ ինձ հետ քննարկել է, պայմանավորվել է, ինձ հետ հեռախոսով խոսել է»,- ասաց Վարդան Ղուկասյանը՝ նշելով, որ վկաներից մեկին էլ կպատասխանի նրա դատարան գալու դեպքում։

Նա նշեց, որ ինքը գրել է վարչապետին, որ Գյումրիում տասնյակ հազարավոր ապօրինի շինություններ կան, և այսօր էլ ապօրինի շինությունների օրինականացման գործընթացը երկարացրել են մեկ տարով։

Ըստ Վարդան Ղուկասյանի՝ պետք է դատել նրանց, որոնք թույլ չեն տվել մինչև օրս այդ անձին (ի նկատի ունի գործարար Սևակ Գոմցյանին), որը անցնում է այս քրեական վարույթով, շենք-շինություն կառուցել, քանի որ քաղաքի ճարտարապետական տեսքը չէր խաթարվում, իսկ մարդն էլ ներդրում էր անում։

«Դրա եղբորը (ի նկատի ունի Սևակ Գոմցյանին) մի հեկտար հող եմ տվել։ Կանչեք, հարցրեք՝ մի կոպեկ փող, «Կոկա-Կոլա» պատիվ տվե՞լ է»,- ասաց Վարդան Ղուկասյանը։ Նա նշեց, որ քաղաքը պետք է կառուցվի, քանի որ աղետ տեսած քաղաք է։

Նա անդրադարձավ նաև եկեղեցու նկատմամբ հալածանքներին։

«Նիկոլ Փաշինյանը այսօր, որ եկեղեցում ծունկ է իջնում, Սաղմոս է կարդում, ուրախանում եմ։ Ինձանից շատ բան է սովորում այդ հարցերում, բայց ես ուզում եմ հասկանալ էն այլասերված գիրքը։ Էդ գրքերը ինքը պետք է հավաքի, բերի հրապարակ, այրի, պետք է ծունկ իջնի, հոգևորականներին ազատի։ Նիկոլ Փաշինյանը պետք է ապաշխարի»։

Նա կոչ արեց համայն հայությանը գալ Հայաստան։ Ըստ նրա՝ անտարբեր մարդիկ դավաճանից վատ են, և պետք է մասնակցել ընտրություններին, քանի որ Հայաստանը տանում են թուրքացման։

Նա հիշեցրեց Անդրանիկ Զորավարի ուխտը՝ «Թե Մասիսին բան պատահի, ազգովի դառնանք ֆիդայի, մեռնեմ Աստծո զորությանը»։

Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ ոչնչից չի վախենում՝ բացի Աստծուց։

«Նստե՛ք, մեղադրյալ»,- ասաց դատավորը։

«Նստում եմ»,- պատասխանեց Վարդան Ղուկասյանը, ինչին ի պատասխան դատավորն ասաց՝ դատարանի հետ նման տոնով չխոսեք։ Վարդան Ղուկասյանը հակադարձեց․ «Դու էլ նման տոնով ինձ հետ չխոսես, էնքան բան եմ արել էս ազգի համար, դու երեխա էիր»։ Դատարանը նրան նկատողություն հայտարարեց։

«Ինչ ուզում եք՝ արեք, ինձ համար հաշիվ չէ»,- ասաց Վարդան Ղուկասյանը։ Նրան հեռացրեցին դատարանի դահլիճից։ Հեռանալիս նա ներկաներին հորդորեց ոչնչից չվախենալ, քանի որ չարը կխափանվի, բարին կկատարվի։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment