Միջազգային հանրապետական ինստիտուտը դիտորդների կուղարկի Հայաստան՝ ընտրությունները գնահատելու համար

Միջազգային հանրապետական ​​ինստիտուտը (IRI), որի գործունեությունը նվիրված է ժողովրդավարության և ազատության համաշխարհային զարգացմանը, 2026 թվականի հունիսի 3-ից 8-ը ընտրությունների միջազգային  դիտորդների պատվիրակություն կուղարկի Հայաստան՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների անցկացումը գնահատելու համար։

Հաղորդվում է, որ բարձր մակարդակի այս առաքելությունը, որը կգլխավորի Ազգային ժողովրդավարության հիմնադրամի (NED) նախագահը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Փիթեր Ռոսքամը, հունիսի 3-ին կժամանի Երևան՝ միանալու IRI-ի ընտրությունների երկարաժամկետ դիտորդներին և հանդիպելու շահագրգիռ կողմերի լայն շրջանակի հետ, այդ թվում՝ ընտրական մարմինների, իշխող և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության գործիչների, լրագրողների, դիվանագիտական ​​առաքելությունների և ընտրությունների կազմակերպման և իրականացման գործընթացում ներգրավված պետական ​​հաստատությունների հետ։

«2017 թվականից ի վեր լինելով առաջին խորհրդարանական ընտրությունները՝ Հայաստանի ընտրությունները տեղի են ունենում երկրի ժողովրդավարական ապագայի համար կարևորագույն պահի։ Դրանց արդյունքը ոչ միայն կձևավորի Հայաստանի մոտեցումը տնտեսական և անվտանգության հարցերին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային գործընկերների հետ նրա հարաբերությունները, այլև կունենա երկարատև հետևանքներ ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության վրա»,- ասել է Ռոսքամը։

Առաքելությունը նախնական եզրակացությունները կներկայացնի հունիսի 8-ին Երևանում կայանալիք մամուլի ասուլիսում: Նախնական եզրակացություններն ու առաջարկությունները կհիմնվեն ապրիլին IRI-ի կողմից անցկացված նախընտրական գնահատման վրա:

Առաքելության վերջնական զեկույցը, որը կներկայացնի ընտրական գործընթացների որակի և անցկացման անաչառ գնահատական, ներառյալ՝ նախընտրական շրջանի և ընտրությունների օրվա կազմակերպման թեմատիկ եզրակացություններն ու առաջարկությունները, կհրապարակվի ընտրություններին հաջորդող շաբաթներին։

1983 թվականից ի վեր IRI-ն ամբողջ աշխարհում կազմակերպել է ավելի քան 270 միջազգային ընտրությունների դիտորդական առաքելություն։

Նշվում է, որ առաքելությունն իր գործունեությունը կիրականացնի Միջազգային ընտրությունների դիտարկման սկզբունքների հռչակագրի և ՄԱԿ-ի կողմից 2005 թվականին ընդունված վարքագծի կանոնագրքի համաձայն և իր եզրակացություններն ու առաջարկությունները կհիմնի Հայաստանի օրենքների և ընտրությունների միջազգային չափանիշների վրա։ Հաղորդվում է նաև, որ ամբողջ գործունեությունը կիրականացվի խիստ անկուսակցական հիմունքներով և առանց ընտրական գործընթացին միջամտելու։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment