Պոմպիդու-Մեց կենտրոնից գողացել են իտալացի նկարչի կպչուն ժապավենով պատին ամրացված բանան կոմպոզիցիան. Times


Իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի՝ 2019 թվականին ստեղծած կոմպոզիցիան՝ «Կոմեդիանտ»-ը,  կպչուն ժապավենով պատին ամրացված բանան է։ Կոնցեպտուալ արվեստի գործը գնահատվում է 6,2 միլիոն դոլար, գրում է թե Times-ը։


Պարբերականը հաղորդում է, որ շաբաթ առավոտյան անվտանգության աշխատակիցը նկատել է, որ պատին կպցրած բանանն անհետացել է։ Պոմպիդու-Մեց կենտրոնը տեղեկացրել է ոստիկանությանը, հարուցվել է քրեական գործ։ Թանգարանն արդեն վերականգնել է արվեստի գործը՝ այն փոխարինելով մեկ այլ բանանով։


«Շուտ փչացող իրը» պարբերաբար փոխարինվում է նորով, երբ այն սկսում է փչանալ կամ երբ այցելուներից մեկը  որոշում է այն ուտել՝ գրել է Times-ը և հիշեցրել, որ 2024 թվականին Tron բլոկչեյն նախագծի հիմնադիր Ջասթին Սանը կերել է Նյու Յորքի Sotheby’s աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը։


Արվեստաբանները տարակարծիք են այս նախագծի գնահատականներում։ Շատերն այն նույնիսկ սադրանք են անվանում: Ինքը՝ Կատելանը, իր գործը բնորոշել է «մտորում այն մասին, թե ինչ ենք մենք գնահատում»:

Leave a comment