Գերիներին դատելը Ալիևի շոուն է. հուսանք՝ Վենսի այցը ճնշում կդառնա, որ նա զիջի՝ ազատ արձակվեն. Ռոբերտ Ղևոնդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի գնահատմամբ՝ հայ-ռուսական հարաբերություններում նկատվում է դիվանագիտական հռետորաբանության փոփոխություն. Հայաստանը պաշտպանվողական դիրքից անցել է իր մտահոգությունները բաց և համարժեք ներկայացնելու մակարդակի։ Factor TV-ին տված հարցազրույցում նա մեկնաբանել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այսօրվա հանդիպումը, անդրադարձել ռուսական կողմից  հիբրիդային սպառնալիքներին և տարածաշրջանում ձևավորվող նոր աշխարհաքաղաքական իրողություններին։

Վերլուծելով Սիմոնյան-Լավրով հանդիպման բաց մասում հնչած ուղերձները՝ Ռոբերտ Ղևոնդյանը դրական է գնահատել հայկական կողմի դիրքորոշումը։ «Ինձ շատ է դուր գալիս այն, որ Հայաստանի պաշտոնյաները սկսել են արձագանքել Ռուսաստանում հնչող խոսքերին համարժեք։ Նախկինում այդպես չէր, նախկինում Ռուսաստանը մտահոգություններ էր հայտնում, Հայաստանի պատվիրակները սովորաբար այդ մտահոգություններին պատասխանում էին», – նշել է նա։

Քաղաքագետի խոսքով՝ ռուսական մեդիադաշտից հնչող սպառնալիքները, ինչպիսիք են Դուգինի և Սոլովյովի հայտարարությունները, կենտրոնացված իշխանության պայմաններում պատահական չեն կարող լինել։ «Դա Ռուսաստանի Դաշնությունն է, որտեղ ոչ մի Սոլովյովներ և Դուգիններ, և նույնիսկ Լավրովներ, չեն կարող անել ինչ-որ մի բան, եթե դրա համար թույլտվություն չունեն», – պնդել է Ղևոնդյանը՝ այս ամենը համարելով հիբրիդային պատերազմի բաղադրիչ, որի նպատակը Հայաստանի վրա ճնշում գործադրելն է։

Ըստ Ղևոնդյանի՝ ռուս-հայկական հարաբերություններում առկա է պատկերացումների խզում։ Ռուսական կողմը շարունակում է առաջնորդվել այն տրամաբանությամբ, որ Հայաստանը պետք է առաջնահերթություն տա Ռուսաստանի շահերին, նույնիսկ եթե դրանք հակասում են սեփական շահերին։

«Ռուսաստանում կարծում են, որ եթե կա Ռուսաստանի շահը, ապա Հայաստանի Հանրապետության ցանկացած իշխանություն անպայմանորեն պիտի այդ շահը հաշվի առնի, անկախ նրանից՝ Հայաստանի Հանրապետության շահը հակառակն է ցույց տալիս, թե ոչ։ Ես Երևանից տեսնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը ունի շահ, ուրեմն մնացած բոլորի վրա թքած՝ Ռուսաստանի շահերի վրա, Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերի վրա, մնացած բոլորի շահերի վրա, եթե մենք կարող ենք այդ շահը իրացնել», – բացատրել է քաղաքագետը։

Նա նշել է, որ ռուսական կողմն իսկապես զարմացած է այս նոր իրողությունից, քանի որ սովոր չէ, որ Հայաստանը կարող է իր շահերն ավելի բարձր դասել։

Խոսելով Ադրբեջանի նախագահի գործողությունների մասին՝ Ղևոնդյանը դրանք բնութագրել է որպես բոլոր հնարավոր սցենարներին պատրաստվելու ռազմավարություն։ «Ալիևը փորձում է ստանալ ինչ հնարավոր է։ Ալիևը փորձում է ունենալ հնարավորություն, օրինակ, Հայաստանում իշխանության փոփոխության և Միացյալ Նահանգների այստեղից դուրս գալու դեպքում կոնֆլիկտի միջոցով հարցեր լուծելու, նաև պահպանել հնարավորություն Հայաստանում իշխանություն չփոխվելու և Միացյալ Նահանգների այստեղ ավելի շատ ներկա մնալու դեպքում՝ հարցը խաղաղության տարբերակով իր շահերն առաջ տանելու», – նշել է նա։

Այս տրամաբանության մեջ Հայաստանը, ըստ նրա, ևս պատրաստվում է այլընտրանքային սցենարների՝ մի կողմից գնալով խաղաղության օրակարգով, մյուս կողմից՝ զինելով և բարեփոխելով բանակը։ «Հայաստանի բանակը որակապես այլ մակարդակում է, քան եղել է նույնիսկ 2019 թվականին, այսինքն՝ պատերազմից առաջ», – ընդգծել է փորձագետը։

Ղևոնդյանը տարածաշրջանային զարգացումները դիտարկել է Թրամփի վարչակազմի կողմից առաջ քաշված «բազմաբևեռ, բայց ԱՄՆ հեգեմոնիայով» աշխարհակարգի հաստատման գործընթացի համատեքստում։ Նրա խոսքով՝ այս պայմաններում Հարավային Կովկասը դառնում է Արևելքն ու Արևմուտքը կապող ամենահարմար ճանապարհը։

«Հիմա Հայաստանը և Ադրբեջանը խաղադրույք են կատարել այն տարբերակի վրա, այսպես ասենք, որ Միացյալ Նահանգները կարողանալու է հաստատել իր այդ պատկերացրած կարգը։ Այն երկրները, որոնք համաձայն են այս մոտեցման հետ, ստանում են որոշակի բոնուսներ», – եզրափակել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ Հայաստանին և Ադրբեջանին դասելով այդ երկրների շարքին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

Leave a comment