BP-ն Բաքու-Սուփսա նավթամուղի կառավարումը կհանձնի Ադրբեջանին և Վրաստանին

Քաղաքականություն

02.06.2026 | 22:10

Բրիտանական BP-ն հունիսի 8-ին Բաքու-Սուփսա նավթատարի կառավարումը կփոխանցի Ադրբեջանի և Վրաստանի կառավարություններին։ Այս մասին Բաքվում լրագրողներին հայտարարել է ընկերության արտադրության և շահագործման գծով փոխնախագահ Գորդոն Բիրելը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Հունիսի 8-ին BP-ն Բաքու-Սուփսա նավթատարի ադրբեջանական և վրացական հատվածների օպերատորությունը կփոխանցի այդ հատվածների սեփականատերերին Ադրբեջանում և Վրաստանում»,- ասել է Բիրելը։

Նա ընդգծել է՝ փոխանցումը չի նշանակում, որ ընկերությունը դուրս է գալիս այս ակտիվից։

«Սա պարզապես BP-ի կողմից պայմանագրային պարտավորության կատարում է, որը սահմանվել է 10 տարի առաջ՝ խողովակաշարի պայմանագրի ստորագրման ժամանակ։ Սրանք պայմանագրեր են, նախկինում կնքված համաձայնագրեր են, և որպես նախորդ խողովակաշարի օպերատոր՝ մենք, իհարկե, ունենք պայմանագրային պարտավորություններ։ Կատարելով այս պարտավորությունները՝ մենք խողովակաշարը վերադարձնում ենք դրա սեփականատերերին։ Սա մեր ցանկությունը չէ, այլ մեր պայմանագրային պարտավորությունը»,- ասել է նա։

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի վերաբերյալ Բիրելը պարզաբանել է, որ BP-ն այս խողովակաշարի շահագործման համար ունի այլ պարտավորություն, այլ պայմանագիր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment