ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցությունը մտնում է զարգացման նոր փուլ։ Այս մասին Բաքվում ադրբեջանա-ամերիկյան առաջին տնտեսական երկխոսության արդյունքներին նվիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական, էներգետիկայի և բիզնեսի հարցերով օգնական Քալեբ Օրը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը և Բաքուն մտադիր են ընդլայնել համագործակցությունը տարածաշրջանային խաղաղության, էներգետիկ անվտանգության, առևտրի և թվային ենթակառուցվածքների ոլորտներում։
Քալեբ Օրն ընդգծել է, որ ամերիկյան պատվիրակության Բաքու կատարած այցի ընթացքում SOCAR-ի և ԱՄՆ մասնավոր հատվածի ներկայացուցիչների, ինչպես նաև Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունում ստորագրվել են ավելի քան 8 միլիարդ դոլարի առևտրային համաձայնագրեր։
Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են հետևյալ ոլորտներում կոնկրետ նախագծեր՝
-էներգետիկա և էներգետիկ անվտանգություն,
-կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաներ,
-տարածաշրջանային տրանսպորտային և տարանցիկ երթուղիներ,
-ավիացիոն համագործակցություն,
-արհեստական բանականության տեխնոլոգիաների ներդրում,
-Ադրբեջանի թվային ենթակառուցվածքների արդիականացում։
«ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները զարգանում են, և սա միայն սկիզբն է։ Մենք ավելացնում ենք էներգետիկայի ոլորտում ներդրումները։ Միաժամանակ, մենք այս ամուր հիմքը վերածում ենք տնտեսական համագործակցության ավելի լայն հարթակի։ Միայն այս շաբաթ ամերիկյան ընկերությունները ստորագրել են ավելի քան 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր»,- նշել է Օրը։
Նա ընդգծել է, որ ստորագրված համաձայնագրերն ընդգրկում են ոլորտների լայն շրջանակ և չեն սահմանափակվում միայն էներգետիկայով։
«Այս նախագծերը ներառում են նաև ներդրումային միջոցների ներգրավում Ադրբեջանի էներգետիկ ոլորտ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքված պատմական խաղաղության համաձայնագրի շրջանակում ստեղծված «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) նախաձեռնությունը նույնպես կարևոր դեր է խաղում: Սա պատմական ենթակառուցվածքային միջանցք է, որում մենք նույնպես ներդրումներ ենք կատարում»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։
Նա ընդգծել է, որ դա նախատեսված է բազմամոդալ լինելու համար. «Այս միջանցքը կաջակցի ոչ միայն ուղևորափոխադրումներին, այլև էներգիայի և թվային ենթակառուցվածքների փոխանցմանը: Մենք կարծում ենք, որ էներգետիկ ոլորտը մեր տնտեսական հարաբերությունների շատ ամուր հիմք է: Այնուամենայնիվ, այսօր մենք արդեն անցնում ենք այս համագործակցությունից այն կողմ և շարունակում ենք ընդլայնել այն»:
Պետքարտուղարության պաշտոնյայի խոսքով՝ Ադրբեջան-ԱՄՆ առաջին տնտեսական երկխոսությունը վկայում էր ԱՄՆ-ի հանձնառության մասին՝ ամրապնդելու տնտեսական կապերն Ադրբեջանի հետ, ավելացնելու ներդրումները ադրբեջանական տնտեսության ռազմավարական ոլորտներում և բարձրացնելու երկկողմ գործընկերությունը որակապես նոր մակարդակի:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի