Սահմանվում է, որ վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, նրանց խորհրդականների, նախարարների տեղակալների՝ պաշտոնի ստանձնման հայտարարագիր ներկայացնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է իրականացնի բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն

«Հանրային ծառայության մասին» եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքներում նախատեսվող լրացումները պայմանավորված են լիազորությունների լայն շրջանակով եւ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավասություններ ունեցող հանրային պաշտոն զբաղեցնող անձանց համար բարեվարքության ստուգման կառուցակարգեր ներդնելու անհրաժեշտությամբ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանի տեղեկացմամբ նախաձեռնությամբ սահմանվում է, որ վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, նրանց խորհրդականների, ինչպես նաեւ նախարարների տեղակալների՝ պաշտոնի ստանձնման հայտարարագիր ներկայացնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է իրականացնի բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն:

«Ուսումնասիրությունը ներառելու է նշված պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամների՝ պաշտոնի ստանձնման հայտարարագրերի վերլուծություն՝ համադրված նույն անձանց նախորդ հայտարարագրերի տվյալների հետ, եթե այդպիսիք առկա են»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել, որ իրականացված բարեվարքության ուսումնասիրության արդյունքների հիման վրա ԿԿՀ-ն պետք է տրամադրի բարեվարքության ռիսկերի վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություն: Այն պետք է ներառի անձի գույքային դրության եւ մասնավոր շահերի տեսանկյունից հնարավոր ռիսկերն ու դրանց չեզոքացմանն ուղղված առաջարկները:

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Գեւորգ Քոչարյանը նշել է, որ տրամադրվելիք եզրակացությունը չի լինելու հրապարակային:

Կարեւորելով նախաձեռնության ընդունումը՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն առաջարկել է, որ բարեվարքության ստուգում անցնեն խորհրդարանի կողմից նշանակվող բոլոր պաշտոնատար անձինք: Կառավարության ներկայացուցիչն առաջարկը ընդունելի է համարել:

Նիստում հնչել են նաեւ այլ առաջարկներ, որոնք առաջինից երկրորդ ընթերցում քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Օրինագծերի փաթեթն առաջին ընթերցումով քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 5-ի նիստում եւ ստացել դրական եզրակացություն:

 

ՀՀ ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment