1. Ռոսսելխոզնադզորը նոր սահմանափակումներ է մտցնում հայկական մրգերի ու բանջարեղենի վրա
Ռոսսելխոզնադզորը հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ է սահմանում Հայաստանից ներկրվող և հայկական ծագում ունեցող հնդավոր պտուղների, սմբուկի, կարտոֆիլի ու չրերի ներմուծման, ինչպես նաև ԵԱՏՄ երկրներ դրանց տարանցման վրա։
-
Պատճառը. Գերատեսչության պարզաբանմամբ՝ որոշումը կապված է այն մեխանիզմների բացակայության հետ, որոնք հաստատում են արտահանող երկրներում կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի մուտքը։
-
Ռուսական կողմի այլընտրանքները. Ռուսաստանի Rusprodsoyuz ասոցիացիայի վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Լեոնովը հայտարարել է, որ հայկական ծիրանը, խաղողը, դեղձն ու կեռասը շուկայում կարելի է փոխարինել Թուրքիայից, Ուզբեկստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից, Մոլդովայից և Չինաստանից ներմուծվող ապրանքներով։
2. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստվում է սուբսիդավորել դեպի ԵՄ արտահանումը
Ի պատասխան ստեղծված իրավիճակի՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը Կառավարության քննարկմանն է ներկայացրել աջակցության ծրագիր՝ հայկական արտադրանքը դեպի Եվրամիության շուկա վերաուղղորդելու համար։
-
Մեխանիզմը. Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ հայկական պտուղ-բանջարեղենն ունի Global Gap միջազգային սերտիֆիկատ և լիովին մրցունակ է։ Գլխավոր խնդիրը տրանսպորտային լոգիստիկան է, ինչի համար նախատեսվում է սուբսիդավորել արտահանողներին, որպեսզի նրանք կարողանան մրցունակ գներ առաջարկել եվրոպական շուկայում։
3. ԱՄՆ-ն և Ադրբեջանը համաձայնագիր են կնքել հազվագյուտ հանքանյութերի շուրջ
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Վաշինգտոնն ու Բաքուն ստորագրել են հազվագյուտ հանքանյութերի ոլորտում համագործակցության համաձայնագիր։
-
Նախապատմություն. Նմանատիպ ռազմավարական փաստաթուղթ անցյալ շաբաթ Երևանում նախաստորագրվել էր նաև Հայաստանի և ԱՄՆ-ի միջև՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ տարածաշրջան կատարած այցի շրջանակներում։
4. Եվրախորհրդարանի պատգամավոր. Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030 թ. քիչ հավանական է
Լյուքսեմբուրգից Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆերնան Կարտհայզերը հայտարարել է, որ չնայած Երևան-Բրյուսել հարաբերությունների խորացմանը, Հայաստանի անդամակցության հարցը դեռևս տեսական է։ Ըստ պատգամավորի՝ երկրի աշխարհագրական դիրքն ու տարածաշրջանային անվտանգային խնդիրները բարդացնում են գործընթացը, ինչի պատճառով մինչև 2030 թվականը ԵՄ-ին անդամակցելը իրատեսական չէ։
5. Զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դի
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին: Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով այժմ ընթանում է քննություն:
6. ՀԿԵ-ն անցնում է ամառային չվացուցակի. Մեկնարկում են դեպի Բաթումի և Սևան երթուղիները
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարել է սեզոնային փոփոխությունների մասին.
-
Երևան-Թբիլիսի-Բաթումի. Հունիսի 14-ից մինչև հոկտեմբերի 1-ը միջազգային գնացքը կգործի օրընդմեջ։
-
Երևան-Սևան-Շորժա. Ամառային էլեկտրագնացքը կմեկնարկի հունիսի 12-ից (ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին)՝ Երևանից մեկնումը՝ 08:30-ին, վերադարձը Շորժայից՝ 17:00-ին:
-
Գյումրի-Երևան. Ուղևորների հարմարության համար հունիսի 12-ից արագընթաց գնացքը Գյումրիից կմեկնի 19:40-ին (նախկին 17:55-ի փոխարեն):
7. «Չանմի» թայֆունը հարվածել է Ճապոնիային
Ճապոնիայի Օկինավա պրեֆեկտուրային պատուհասած «Չանմի» թայֆունի հետևանքով տուժել է առնվազն 9 մարդ, վնասվել է 6 շենք, և չեղարկվել է ավելի քան 300 ավիաչվերթ։ Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ հունիսի 3-ի երեկոյան տարերքը կարող է հասնել Տոկիոյի տարածաշրջան, որից հետո կուղղվի դեպի Խաղաղ օվկիանոս։