Երևանում կառուցվող էլիտար բազմաբնակարանային շենքում աշխատակիցը 4-րդ հարկից վայր է ընկել. բժիշկներն արձանագրել են նրա մահը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ հունիսի 2-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում կառուցվող էլիտար բազմաբնակարանային շենքում։ Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի 14/1 նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արտաշես Մուշեղյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Սոնա Երիցյանն ու կրտսեր պարեկ Գագիկ Մուրադյանը։
Դեպքի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Սիսակ Հայրապետյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Իրավապահները պարզել են, որ մահացածը նշված շինհրապարակում աշխատող՝ Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Սարգիս Ս.-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, էլիտար կառուցվող շենքի 4-րդ հարկից վայր է ընկել։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կառուցվող էլիտար շենքում բացակայում էր ցուցանակը, թե ով է կառուցապատողը, ով է պատվիրատուն, երբ է սկսվել և երբ է ավարտվելու շինարարությունը, մինչդեռ օրենքի պահանջն է, որ ցուցանակը պետք է լինի։
Այսօր սա երկրորդ դեպքն է, երբ նոր կառուցվող շենքի շինհրապարակում ողբերգական դեպք է տեղի ունենում։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էֆոտոլրագրողը, այսօր՝ հունիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում, միաժամանակ նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Էջմիածնի խճուղու թիվ 9 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ բետոնե ծածկի փլուզում է տեղի ունեցել։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Միխաիլ Գարակյանի գլխավորությամբ։
Տեղում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ, օրվա պատասխանատու Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ 2 բրիգադ, ովքեր տեղում 2 հոգու անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։
Տեղում պարզվել է, որ բետոնե ծածկի փլուզման հետևանքով կա նաև 1 զոհ։
Դեպքի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գագիկ Առաքելյանի, վարչության պետի տեղակալներ Դավիթ Մուրադյանի, Գեղամ Մկրտչյանի, Մասիսի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են կառուցապատողի և սեփականատիրոջ, մահացածի և վիրավորների ինքնությունը։