ՌԴ ԱԳՆ-ն Գերմանիայի դեսպանատան աշխատակցին անցանկալի անձ է հայտարարել

Քաղաքականություն

05.02.2026 | 20:21

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Մոսկվայում Գերմանիայի դեսպանատան աշխատակցին հայտարարել է անցանկալի անձ՝ ի պատասխան Գերմանիայից ռուս դիվանագետի արտաքսման, գրում է Current time-ը։

Գերմանիան ՌԴ դեսպանատան ռազմական կցորդի տեղակալին անցանկալի անձ է հայտարարել 2026 թվականի հունվարի 22-ին։ Գերմանիայի ԱԳՆ-ն այն ժամանակ հայտարարել էր, որ իշխանությունները «չեն հանդուրժի լրտեսությունը Գերմանիայում, հատկապես՝ դիվանագիտական ​​կարգավիճակի քողի տակ»։

Ըստ Der Spiegel-ի՝ ռուս դիվանագետը Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր վարչության գնդապետ է եղել և ղեկավարել է նախկինում լրտեսության կասկածանքով կալանավորված Ուկրաինայի և Գերմանիայի քաղաքացի Իլոնա Վ.-ի աշխատանքը: Դատախազության տվյալներով՝ Իլոնա Վ.-ն տեղեկություններ է հավաքել քաղաքական միջոցառումների մասնակիցների, ինչպես նաև պաշտպանական օբյեկտների գտնվելու վայրի, անօդաչու թռչող սարքերի փորձարկման և Ուկրաինա անօդաչուների պլանավորված մատակարարումների վերաբերյալ: Նա այդ տեղեկատվությունը փոխանցել է իր համակարգողին։

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «պաշտոնական Բեռլինի կողմից նրա դեմ հետախուզական գործունեության վերաբերյալ ներկայացված մեղադրանքները լիովին անհիմն են և հորինված են գերմանական իշխանությունների հրահրմամբ՝ Գերմանիայում խթանվող «լրտեսական մոլուցքի» ոգով»։ «Ռուսական կողմը կտրականապես մերժում է դրանք»։ Նախարարությունը Բեռլինի գործողություններն անվանել է «ստոր սադրանք», որը նպատակ ունի «վարկաբեկել Գերմանիայում Ռուսաստանի դիվանագիտական ​​առաքելությունը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment