Կապանի երկրագիտական թանգարանում բացվել է ուրարտական շրջանի բացառիկ գտածոների ցուցադրությունը



Հասարակություն



Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի աջակցությամբ Կապանի երկրագիտական թանգարանում բացվել է ուրարտական ժամանակաշրջանի եզակի հնագիտական իրերի մշտական ցուցադրությունը, հայտնում են Սյունիքի մարզպետարանից։

Բացման արարողությանը ողջույնի խոսքով դիմելով ներկաներին՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդգծել է իրադարձության կարևոր նշանակությունը մարզի համար։

«Սյունիքի բնակիչների համար սա հրաշալի նորություն է. այսօր կտեսնենք մի ցուցադրություն, որը փաստում է՝ ուրարտական շրջանում Կապանի տարածաշրջանը եղել է խոշոր, խիտ բնակեցված բնակավայր։ Այստեղ քաղաքակրթությունը եղել է շատ բարձր մակարդակում, և ներկայացված մետաղների քանակն ու մասշտաբը պարզապես բացառիկ են»։

Ցուցադրության նմուշների հավաքումը սկսվել էր դեռևս 10 տարի առաջ և ընդգրկում էր 200 առարկա։ 2023-ին ձիու բրոնզե ճակատակալի վրա «Արգիշտիի զինանոց» սեպագիր արձանագրություն բացահայտվեց։ 2026-ին արդեն հաջողվեց Եղվարդի պեղումների արդյունքում հայտնաբերված մոտ 3000 գտածո տարբեր անձանցից հավաքել ու վերադարձնել թանգարան։ 2026-ին նաև Սզնակ-Դիցմայրի տարածքի պեղումների արդյունքում մոտ 1000 միավոր ուրարտական ժամանակաշրջանի գտածո է ի պահ տրվել թանգարանին։

Ռոբերտ Ղուկասյանը շեշտել է այն փաստը, որ Ուրարտուի մասին բոլոր հիշատակումները նախկինում մայրաքաղաք Երևանին էին առնչվում, իսկ այսօր պետք է նաև գալ Կապան՝ տեղում ծանոթանալու նույն ժամանակաշրջանի նոր գտածոներին։

Մարզպետը շնորհակալություն է հայտնել Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենությանը, հնագետներին, թանգարանի անձնակազմին և բոլոր այն գործընկերներին, որոնց հետևողական աշխատանքի, գիտական ուսումնասիրությունների և ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ ապահովել այս հավաքածուի հանգրվանելը հենց Կապանում։

Նա շնորհակալություն է հայտնել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային և Կապանի լեռնահարստացման կոմբինատներին՝ աջակցության համար։

Ցուցադրության ուշագրավ նմուշներից են՝ ոսկյա հնագիտական առարկաներ, որոնք երբևէ չեն եղել Կապանի թանգարանում, մետաղագործության բազմարվեստ նմուշներ՝ ձիասարքի դետալներ, ճարմանդներ, գուրզեր, սակրեր, ապարանջաններ, նետասլաքներ, կնիք-մատանիներ։ Բացառիկներից են ձիու բրոնզե ճակատակալն ու զրահաբաճկոնի կոճակը, որոնց վրա պահպանվել են սեպագիր արձանագրություններ, եզակի գավաթ, որի նմանը չկա ողջ Հայաստանում։

Դրանք ապացուցում են, որ Սյունիքը եղել է Ուրարտուի կարևոր ռազմավարական և մշակութային կենտրոններից մեկը։

Միջոցառման ընթացքում Սյունիքի մարզպետից շնորհակալագրեր են ստացել թանգարանի տնօրենն ու աշխատակիցները՝ հավաքածուի պահպանման, ուսումնասիրման և հանրայնացման գործում ունեցած ավանդի համար։




Leave a comment