ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News
Կապանում կախված վիճակում հայտնաբերված զինծառայող Արամայիս Գևորգյանը ծնունդով արցախցի էր, 2023 թվականից ընտանիքի հետ բնակվում էր Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Արտիմետ համայնքում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց համայնքի վարչական ղեկավար Հենրիկ Միրզախանյանը։
«Նորմալ, խելոք ընտանիք են, աշխատում, ապրում են։ Մեր համայնքում տեղահանվելուց հետո վարկով տուն են գնել» – ասաց համայնքի ղեկավարը։
Արամայիսը ընտանիքի միակ տղան էր, իրենից մեծ 2 քույր ունի։
Միրզախանյանը նշեց, որ չի կարող ասել, թե ինչը կարող է պատճառ հանդիսացած լինել, որ զինծառայողը ինքնասպանության դիմի։ Մինչ բանակ զորակոչվելը Արամայիսը սովորել է դպրոցում, մասնագիտացում դեռ չէր ընտրել։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին։
ՔԿ-ից էլ հայտնեցին, որ մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ «Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է»։
Մերի Մանուկյան
–00—ՅՄ