ChatGPT-ի մութ կողմը. Ինչո՞ւ է Ֆլորիդան միլիարդավոր դոլարներ պահանջում Սեմ Ալթմանից

Ֆլորիդա նահանգը դատական հայց է ներկայացնել OpenAI ընկերության և նրա գլխավոր գործադիր տնօրեն Սեմ Ալթմանի դեմ։ Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, հայցվոր կողմը պնդում է, որ ընկերությունը խեղաթյուրել է փաստերը ChatGPT հարթակի անվտանգության վերաբերյալ՝ վնաս հասցնելով անչափահաս օգտատերերին:

Հայցի հիմնական դրույթները

Ֆլորիդայի գլխավոր դատախազ, հանրապետական Ջեյմս Ուտմայերի կողմից նահանգային դատարան ներկայացված փաստաթղթում նշվում է, որ հարթակը տեղեկություններ է տրամադրել դպրոցական հրաձիգներին, հրահանգներ է գեներացրել ինքնավնասման վերաբերյալ և կախվածություն առաջացրել երիտասարդների շրջանում։

Ֆլորիդան դարձել է ամերիկյան առաջին նահանգը, որը պաշտոնական դատական գործընթաց է սկսել ընկերության դեմ։ Փաստաթղթում հիշատակվում է անցյալ տարի (2025 թ.) Թալահասիի համալսարանում (Ֆլորիդայի նահանգային համալսարան) տեղի ունեցած զանգվածային հրաձգությունը, ինչպես նաև այլ նահանգներում գրանցված միջադեպեր, որտեղ հարձակվողները, ըստ հայցի, օգտվել են ChatGPT-ի տվյալներից:

Անձնական պատասխանատվություն և պահանջներ

Մամուլի ասուլիսի ժամանակ Ուտմայերը հայտարարել է, որ նահանգը Սեմ Ալթմանին ենթարկել է անձնական պատասխանատվության, քանի որ վերջինս առանցքային դեր է խաղացել առավել վնասակար համարվող գործառույթների ներդրման գործում։

«Մարդիկ տառապում են, ծնողներին մոլորության մեջ են գցում, և նրանք պետք է վճարեն դրա համար»,- նշել է գլխավոր դատախազը:

Հայցվոր կողմը պահանջում է.

  • Մինչև միլիարդավոր դոլարների չափով վնասի փոխհատուցում,

  • Դատական կարգադրություն, որը կպարտավորեցնի ընկերությանը փոխել անչափահաս օգտատերերի հետ փոխգործակցության սկզբունքները։

Կողմերի արձագանքը

OpenAI-ի ներկայացուցիչը դեռևս չի արձագանքել մեկնաբանություն ստանալու հարցումներին։

Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր, որ իրենց մոդելները մարզվում են բռնությանը նպաստող հարցումները մերժելու սկզբունքով, իսկ իրավապահներին ծանուցում են միայն այն դեպքում, երբ առկա է ուրիշներին վնաս հասցնելու անխուսափելի և հավաստի ռիսկ։ Սահմանային դեպքերը գնահատելու համար ընկերությունը ներգրավում է հոգեկան առողջության ոլորտի փորձագետների։

Իրավական ֆոնը

Արհեստական բանականության ոլորտի ընկերությունների դեմ դատական հայցերի ալիքը մեծանում է: OpenAI-ը ներկայումս պատասխանող է հանդես գալիս նաև Ֆլորիդայի համալսարանի հրաձգության զոհերից մեկի ընտանիքի հայցով: Բացի այդ, 2026 թվականի ապրիլին Կանադայի պատմության մեջ ամենազանգվածային գնդակահարություններից մեկի զոհերի ընտանիքները նույնպես համատեղ հայցեր են ներկայացրել OpenAI-ի և Ալթմանի դեմ՝ պնդելով, որ ընկերությունը նախապես տեղյակ է եղել հարձակվողի ծրագրերի մասին, սակայն չի զգուշացրել ոստիկանությանը։

Leave a comment