Ով ինչպես է հիշում երիտասարդներին նախընտրական խոստումներում․ Մաս1

Քաղաքականություն

Ով ինչպես է հիշում երիտասարդներին նախընտրական խոստումներում․ Մաս1

2026 թվականի ԱԺ ընտրություններին մնացել է մի քանի օր։ Ընտրություններինմասնակցող քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում ներկայացրել են հասարակության տարբեր խմբերին վերաբերող բազմաթիվ դրույթներ։ Ա1+-ն առանձնացրել է այն հիմնական հատվածները, որոնք վերաբերում են երիտասարդությանը՝ կրթության, զբաղվածության, սոցիալական աջակցությանը, երիտասարդական քաղաքականության և պետական գործընթացներին մասնակցության  համատեքստում։  Սա շարքի առաջին մասին 

 

1․ Ռեֆորմիստների կուսակցություն

Ռեֆորմիստների կուսակցության նախընտրական ծրագրում  երիտասարդներին վերաբերող առանձին բաժին չկա, սակայն յոթ կետանոց ծրագիրը որոշակիորեն վերաբերում է երիտասարդներին։

«Հայաստանում բարձրագույն կրթությունն ու առողջապահությունը պետք է դառնան անվճար», – խոստանում է  ուժը։

 Բացի այդ  ռեֆորմիստները հայտարարում են, որ նպատակ ունեն Հայաստանը դարձնել «կարգավորված, անվտանգ և գրավիչ կրիպտոկենտրոն տարածաշրջանում՝ ներգրավելով ներդրումներ, ստեղծելով աշխատատեղեր և բարձրացնելով տնտեսության թափանցիկությունը»:

2․ «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն

«Բոլորին դեմ եմ» շարժման նախընտրական օրակարգը հիմնականում կենտրոնացած է քաղաքական և ընտրական համակարգի փոփոխությունների վրա։ Ծրագրում երիտասարդական քաղաքականությանը, կրթությանը, զբաղվածությանը կամ սոցիալական հարցերին վերաբերող առանձին դրույթներ չկան։

 

3․ «Ուժեղ Հայաստան» դաշինք

«Ուժեղ Հայաստան»  դաշինքը նախընտրական ծրագրի որոշ կետեր վերաբերում են երիտասարդների ֆորմալ և ոչ ֆորմալ զբաղվածությանը, կրթության և մասնագիտական զարգացմանը։

Աշխատաշուկայում բարեփոխումներ իրականացնելու և գործազրկությունը կրճատելու նպատակով  առաջիկա տարիներին նախատեսվում է ստեղծել ավելի քան 300 000 նոր աշխատատեղ՝ հատկապես մշակող արդյունաբերության, ծառայությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ՏՏ և բարձր տեխնոլոգիական ոլորտներին, որոնք դիտարկվում են որպես երիտասարդների ներգրավվածության հիմնական ուղղություններից մեկը։

Ծրագիրը ներառում է նաև մարզային զբաղվածության ընդլայնման գաղափարը։ Նախատեսվում է զարգացնել ոչ գյուղատնտեսական զբաղվածությունը մարզերում՝ նվազեցնելով միայն գյուղատնտեսությունից կախվածությունը։

Կրթությանը վերաբերող հատվածում «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է՝ բարձրագույն կրթությունը պետք է լինի մատչելի բոլորի համար՝ անկախ ընտանիքի սոցիալական վիճակից։ Ըսախատեսվում է ներդնել նոր համակարգ, որի պայմաններում «երիտասարդի կրթությունը չպետք է կախված լինի ծնողի եկամուտից»։  Քաղաքական ուժը նաև նշում է, որ «կրթությունը ծախս չէ, այլ ներդրում», և խոստանում է մեծացնել կրթության պետական ֆինանսավորումը։

Սոցիալական խնդիրների համատեքստում դաշինքը խոստանում է կառուցել «20000 մատչելի բնակարան»։ Ըստ ծրագրի՝ այդ քայլը պետք է նպաստի աշխատուժի տեղաշարժին դեպի այն բնակավայրերը, որտեղ իրականացվում են ներդրումներ, և ստեղծվում են նոր աշխատատեղեր։

Ծրագրում առկա են նաև ընտանիքներին աջակցելուն ուղղված դրույթներ։ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է, որ պետությունը պետք է «դառնա երրորդ ծնող բազմազավակ ընտանիքների համար»։ Ըստ ծրագրի՝ նրանց առաջնահերթ նպատակը լինելու է ստեղծել պայմաններ, որպեսզի ծնողներն իրենք կարողանան ապահովել երեխայի բարեկեցիկ կյանքը, իսկ այն դեպքերում, երբ ընտանիքները «օբյեկտիվորեն ի վիճակի չեն լինի դա անել, այդ պատասխանատվությունը կստանձնի պետությունը»։

 

4․Հայաստանի շնորհապետական կուսակցություն

«Հայաստանի շնորհապետական կուսակցության» նախընտրական ծրագրում երիտասարդական քաղաքականությանը վերաբերող առանձին բաժին չկա, սակայն ծրագրում առկա են կրթության, մասնագիտական զարգացման և աշխատաշուկայի հետ կապված մի շարք դրույթներ։

Ըստ ծրագրի՝ առաջիկա տարիներին մի շարք մասնագիտություններ կկորցնեն պահանջարկը, իսկ գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ կհայտնվեն նոր մասնագիտություններ։

Այդ պատճառով պետությունը պետք է կիրառի «շուկայագիտական», խրախուսական և այլ մեթոդներ՝ մասնագիտական շուկան կառավարելի դարձնելու և երիտասարդների մասնագիտական կրթությունը ապահովելու նպատակով։

Առանձին շեշտադրում կա նաև դպրոցն ավարտող երիտասարդների մասնագիտական կողմնորոշման հարցում։ Կուսակցության համոզմամբ՝ անհրաժեշտ է շրջանավարտներին «պարզ և հասկանալի նկարագրել հաջողության հասնելու ճանապարհը և հետագա զբաղվածության հեռանկարները» ։ Ըստ ծրագրի՝ յուրաքանչյուր շրջանավարտի համար պետք է հասանելի լինի իր ապագա մասնագիտական զարգացման «սանդուղքը» ՝ մասնագիտացումից մինչև վերապատրաստում և զբաղվածություն։

 

5․«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն

Հայկ Մարությանի գլխավորած «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունն իր նախընտրական ծրագրում երիտասարդական քաղաքականությանը անդրադառնում է առանձին և ծավալուն բաժնով։ Կուսակցությունը հայտարարում է, որ երիտասարդական քաղաքականությունը պետք է վերաբերի ոչ միայն երիտասարդների կրթության և զբաղվածության, այլև նրանց ներառման, հզորացման և մասնակցության ապահովման հարցերին։

Ծրագրում նշվում է, որ 2025 թվականին ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» նոր օրենքը պետք է դառնա ոլորտի զարգացման հիմքը։

Կուսակցությունը կարևորում է նաև ազգային երիտասարդական ռազմավարության մշակումը՝ «երիտասարդների, երիտասարդական կազմակերպությունների և փորձագիտական համայնքի լայն մասնակցությամբ»։ Ուժը խոստանում է ձևավորել երիտասարդության ոլորտում պետական կառավարման «արդյունավետ մոդել» և ներդնել երիտասարդական աշխատողի ինստիտուտ՝ վերապատրաստման և որակավորման միասնական չափորոշիչներով։

«Մեր նպատակն է բարձրացնել երիտասարդների հասարակական, քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային մասնակցության մակարդակը՝ ստեղծելով հասանելի և որակյալ երիտասարդական ծառայություններ ամբողջ հանրապետությունում», – ասվում է ծրագրում։

Կուսակցության կարծիքով՝ Երևանում և ՀՀ մարզերում երիտասարդներին մատուցվող ծառայությունները զարգացած են անհավասար կերպով, իսկ բազմաթիվ համայնքներում բացակայում են անվտանգ և ներառական միջավայրեր, որտեղ երիտասարդները կարող են սովորել, զարգանալ և իրականացնել իրենց նախաձեռնությունները։

Այդ պատճառով՝ կուսակցությունն առաջարկում է ստեղծել երիտասարդական կենտրոնների և անվտանգ երիտասարդական տարածքների ցանց Հայաստանի բոլոր մարզերում և համայնքներում։ Ըստ ծրագրի՝ յուրաքանչյուր երիտասարդ պետք է իր բնակավայրին մոտ հասանելիություն ունենա կրթական, սոցիալական, մշակութային և զարգացման ծրագրերի։

Առանձին շեշտադրում կա մարզային երիտասարդության վրա։ Նախատեսվում է ընդլայնել երիտասարդական կենտրոնների ցանցը Հայաստանի ամբողջ տարածքում, ներդնել «շարժական երիտասարդական ծառայություններ» և իրականացնել զարգացման ծրագրեր գյուղական ու սահմանամերձ համայնքներում։

Ծրագրում կարևոր տեղ ունի նաև երիտասարդների ներգրավումը պետական կառավարման գործընթացներում։ «Նոր ուժ»-ը նախատեսում է վերագործարկել երիտասարդների մասնակցության խորհրդատվական մեխանիզմները և աջակցել երիտասարդական նախաձեռնություններին, որոնք ուղղված են հանրային խնդիրների լուծմանը։

Կուսակցությունն անդրադառնում է նաև երիտասարդների առողջ ապրելակերպի և կախվածությունների կանխարգելման թեմային։ Ծրագրում նշվում է, որ Հայաստանում լուրջ խնդիրներ են երիտասարդների շրջանում թմրամիջոցների օգտագործումը, ալկոհոլային կախվածությունը և առցանց խաղամոլությունը։ Այս ուղղությամբ նախատեսվում է իրականացնել կանխարգելիչ կրթական ծրագրեր, ապահովել հոգեբանական և խորհրդատվական ծառայությունների հասանելիություն, ինչպես նաև խստացնել երիտասարդների ներգրավվածությունը սահմանափակող մեխանիզմները առցանց խաղադրույքների և կազինոների ոլորտում։

«Նոր ուժ»-ը խոստանում է նաև զարգացնել երիտասարդական կենտրոնները որպես «առողջ, անվտանգ և ներառական միջավայրեր» և աջակցել սպորտային, մշակութային ու ստեղծարար գործունեության հասանելիությանը։

 

Շարունակելի

Leave a comment