Կշարունակենք աջակցել ՀՀ-ին․ ԵՄ-ն դատապարտել է Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումները

Քաղաքականություն

01.06.2026 | 16:52

Եվրամիությունը դատապարտել է Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու ցանկացած փորձը խորհրդարանական ընտրություններից առաջ, այն բանից հետո, երբ Մոսկվան կոչ է արել  հանրաքվե անցկացնել ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի նկրտումների վերաբերյալ, գրում է AFP-ը։

«Որպես ինքնիշխան, ժողովրդավարական և անկախ երկիր՝ Հայաստանն ունի իր սեփական ուղին և գործընկերներին ընտրելու բոլոր իրավունքները։ Ռուսաստանը նպատակ ունի վնասել Հայաստանի տնտեսությանը և ազդել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքի վրա։ Մենք կշարունակենք աջակցել Հայաստանին նման հարկադրանքի փորձերը հաղթահարելու հարցում»,- ասել է ԵՄ խոսնակ Անուար Էլ Անունին։

Նշվում է, որ Հայաստանը պաշտոնապես դաշնակից է Մոսկվայի հետ, բայց կապեր է հաստատում Եվրամիության հետ՝ հարևան Ադրբեջանի հետ հակամարտությունների ժամանակ Ռուսաստանի կողմից իրեն պաշտպանելու ենթադրյալ անհաջողության պատճառով առաջացած հիասթափության ֆոնին։

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները դիտվում են որպես լակմուսի թուղթ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվայից Հայաստանի կախվածությունը թուլացնելու և Արևմուտքի հետ ավելի սերտ կապեր հաստատելու քայլերի համար։
Կովկասյան երկիրը 2024 թվականին սառեցրել է Մոսկվայի հետ անվտանգության կապերը, իսկ անցյալ տարի ընդունել օրենք, որով հայտարարվել է ԵՄ-ին անդամակցության ձգտելու մտադրության մասին, ինչն ավելի զայրացրել է Ռուսաստանին, ասվում է հրապարակման մեջ։

Շաբաթ Մոսկվան հետ է կանչել իր դեսպանին Հայաստանում «խորհրդակցությունների» համար՝ ԵՄ-ի հետ Երևանի կապերի զարգացման վերաբերյալ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ քննադատել էր Հայաստանի մերձեցումը դաշինքի հետ և կոչ արել «հնարավորինս շուտ» հանրաքվե անցկացնել՝ ասելով, որ անհնար է համատեղել անդամակցությունը և՛ ԵՄ-ին, և՛ Մոսկվայի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment